Շաբաթներ առաջ համացանցում տեղեկություններ էին տարածվում, որ «Դիլիջան» ազգային պարկի ամբողջ տարածքում մեծ քանակությամբ խլուրդներ են անկում։
Ահազանգի հետքերով «Դիլիջան» ազգային պարկի մասնագետներն օրեր շարունակ ուսումնասիրություններ և դիտարկումներ են անցկացրել պարկի տարածքում, խլուրդների անկման որևէ դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
«Անպատասխան են մնացել նաև ազգային պարկի ներկայացուցիչների խնդրանքներն ահազանգը հնչեցնողներին` ներկայացնել ապացույց լուսանկարներ, նշել կոորդինատ կամ մասնագետներին ուղեկցել դեպքի վայր:
Հաշվի առնելով վերոգրյալը, հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց և հանրությանը միտումնավոր մանիպուլյացիաների ենթարկելուց:
«Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները և մասնագետները պատշաճ իրացնում են բնության հատուկ պահպանվող տարածքի պաշտպանության և պահպանության իրենց վերապահված լիազորությունները. ազգային պարկի տարածքում յուրաքանչյուր խնդիր ուշադրության կենտրոնում է»,- տեղեկացնում են նախարարությունից: