Կկազմակերպվի արյան դոնորության ակցիա, որին կարող են մասնակցել նաև պաշտոնատար անձինք. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտնում է, որ հունիսի 14-ը արյան դոնորների համաշխարհային օրն է։

Օրվան նվիրված միջոցառումների և քարոզարշավի կարգախոսն է «Արյան դոնորությունը համերաշխության քայլ է․ Դարձեք դոնոր և փրկեք կյանքեր»։

Արյունաբանական կենտրոնը նշում է, որ սա ևս մեկ հնարավորություն է․

  • Շնորհակալություն հայտնել արյան կամավոր և անվարձահատույց դոնորներին՝ իրենց արյունը նվիրաբերելու համար հանուն բազմաթիվ կյանքեր փրկելու,
  • Եվս մեկ անգամ շեշտադրել դոնորների առողջության և խնամքի որակի կարևորությունը,
  • Բարձրացնել արյան դոնորության մասին մարդկանց իրազեկությունը և, խթանելով որակյալ և անվտանգ արյունը և դրա բաղադրամասերի հասանելիությունը և յուրաժամանակությունը բոլորի համար՝ դիտարկել գաղափարի ինտեգրումը որպես արդյունավետ առողջապահական համակարգերի, կենսակերպի և մշակույթի մաս մեր երկրում՝ սերտ համագործակցելով Կարմիր խաչի միջազգային կոմիտե և Հայկական Կարմիր խաչ կազմակերպությունների հետ։

Արյունաբանական կենտրոնը, լինելով հանրապետությունում արյան պաշարների հավաքման և պահեստավորման լիազոր մարմին, պլանավորում է օրվան նվիրված միջոցառումներ։

Հունիսի 14-ին առավոտյան ժամը 9․00-13․00-ը կկազմակերպվի արյան դոնորության ակցիա, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ինչպես նաև պաշտոնատար անձինք ՀՀ վարչապետի աշխատակազմից, Երևանի քաղաքապետարանից, բոլոր նախարարություններից, դեսպանություններից։

Իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումներն ընդգրկում են տեղեկատվական նյութերի պատրաստում և տարածում հասարակության լայն շերտերի շրջանում։ Միջոցառումներ են տեղի ունենալու նաև մարզերում գործող Արյան փոխներարկման կայաններում (Գյումրի,Հրազդան,Վանաձոր, Արմավիր, Գորիս)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել