Այսօր՝ հունիսի 13-ին, Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից:
Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել նյութական իրավունքի նորմի՝ «Քաղաքացիական օրենսգրքի» 1081-րդ հոդվածի 1-ին մասի և դատավարական իրավունքի նորմերի՝ «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի, 53-րդ հոդվածի 1-ին մասի, 130.1-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտում, այն է՝ Դատարանը, 21.10.2020 թվականին կայացրած վճռով բավարարելով կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցը, պատասխանողի վրա դրել է նաև կերակրողի ամուսնուն՝ հայցվորին պատճառված վնասը հատուցելու պարտականություն հայցվորի՝ վնասի հատուցում ստանալու իրավունքի ծագման վավերապայմաններից մեկը հավաստող ապացույց (ամուսնության պետական գրանցման վկայական) ներկայացված չլինելու և հետևաբար՝ Դատարանի կողմից նման ապացույց չհետազոտելու պայմաններում:
Գործով մյուս հայցվորի` հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցման պահանջի մասով նույնպես Դատարանը հաստատված է համարել պահանջի հիմնավորվածությունը, ծախսերի անհրաժեշտությունը և չափի ողջամտությունը՝ դրանք հաստատող ապացույց(ներ) ներկայացված չլինելու և հետևաբար՝ դրանք չհետազոտելու պայմաններում:
Այսօրվա նիստի ընթացքում կողմերը ներկայացրին իրենց դիրքորոշումները, պատասխանեցին ինչպես Խորհրդի անդամների, այնպես էլ միմյանց կողմից հնչեցրած հարցադրումներին:
Դատավորն արտահայտելով իր դիրքորոշումը՝ պնդեց, թե ներկայացված միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման:
Կողմերին լսելուց և գործի քննության ավարտ հայտարարելուց հետո՝ Խորհուրդը հեռացավ որոշում կայացնելու:
Այն կհրապարակվի հունիսի 23-ին, ժամը՝ 15.00-ին:
Նիստի մանրամասները՝ տեսանյութում: