ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը:
Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ 2022թ. հունվարի 2-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ նույն քաղաքի բնակիչ՝ 1980թ. ծնված տղամարդը, հայհոյանքներ հնչեցնելու պատճառով, դիտողություն է արել վիճաբանությանը մասնակիցներից մեկին և իր մոտ պահվող դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս որովայնի և կրծքավանդակի շրջաններին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ՝ որովայնի առաջային պատի աջ կեսի շրջանի որովայնի խոռոչ թափանցող, մեծ ճարպոնի վնասումով և ներքին արյունահոսությամբ զուգորդված ծակած-կտրած վերքի և կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ կեսի շրջանի ծակած կտրած չթափանցող վնասվածքների ձևերով։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 42-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: