Առուշ Առուշանյանի գործով դատավճռի դեմ բողոքը կքննվի Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գործով արդարացման դատավճռի դեմ դատախազության բողոքը կքննվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Լուսինե Աբգարյանի, Մհեր Արղամանյանի: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դատախազությունը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Հիշեցնենք, որ Առուշանյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և ինքնիրավչության համար։

Դատարանը որոշել էր համայնքի ղեկավարին 5 տարի ժամկետով զրկել տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու իրավունքից, տուգանել նվազագույն աշխատավարձի 700-ապատիկի չափով, վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 ամիս 18 օր ժամկետով, որը պայմանականորեն չէր կիրառվել:

Առուշանյանը, սակայն արդարացվել էր ընտրողների ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, ապօրինի ձեռնարկատիրության և ընդերքի պահպանման, օգտագործման կանոնները խախտելու հոդվածներով:

Դատախազությունն այժմ պահանջում է բեկանել արդարացման դատական ակտը, կայացնել նոր որոշում և գործով անցնող երեք ամբաստանյալներին, այդ թվում՝ Առուշանյանին, մեղավոր ճանաչել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել