Դատարանը «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է հրապարակային ներողություն խնդրել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանից։ Այս մասին Telegram-ում տեղեկացրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Արթուր Վանեցյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի դատական գործով առաջին ատյանի դատարանը հերթական անգամ Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է հրապարակային ներողություն խնդրել Վանեցյանից»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը 2020 թ․ Factor.am կայքին տված հարցազրույցում Արթուր Վանեցյանին «անհայրենիք» էր անվանել։ Դատարանը համարել է, որ արտահայտությունը վիրավորական է և արատավորել է Արթուր Վանեցյանի պատիվն ու արժանապատվությունը։
Դատարանը նաև վճռել է Արման Բաբաջանյանից հօգուտ Արթուր Վանեցյանի բռնագանձել 500․000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության և 300․000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցման գումար, 300.000 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և 24.000 ՀՀ դրամ՝ պետական տուրքի գումար: