Ինչո՞ւ Հայաստանում չի գործում լարային ռադիոն․ ԲՏԱ

Հայաստանի Հանրապետության լարային ռադիոցանցը ստեղծվել է նախորդ հարյուրամյակի 20-30-ական թվականներին: Տեխնիկական վերջին համալրումը կատարվել է 1970-ականների լուծումներով և սարքավորումներով: Այս մասին հայտնում են Բարձր տեխնոլոգիաների նախարարությունից` պատասխանելով հաճախ տրվող հարցերից մեկին, այն է՝ ինչո՞ւ չի գործում լարային ռադիոն։

Լարային ռադիոցանցը, լինելով ֆիզիկապես մաշված ու բարոյապես հնացած, վաղուց չէր համապատասխանում արդի աուդիովիզուալ նյութերի տարածմանն առաջադրվող պահանջներին, ինչն էլ հիմնականում պատճառ է դարձել 80-90-ական թվականների համեմատ բաժանորդների թվաքանակի գրեթե 85 անգամ անկմանը. այդ թիվը Երևանում կազմում է 2750 բաժանորդ:

Լարային ռադիոցանցը, նախկինում լինելով ռադիոհաղորդումների լարային սփռում իրականացնող միակ կառույցը, ստիպված էր մրցակցել նմանատիպ գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող 54 մասնավոր ընկերությունների հետ, որոնք ստեղծվել են 2000 թվականից հետո և համալրված են արդիական տեխնիկական միջոցներով:

Վերջիններս բաժանորդներին մատուցում են ռադիոհաղորդումների սփռման և հեռահաղորդակցական այլ համալիր ծառայություններ` գերազանցելով լարային ռադիոցանցի սփռման տարածքը և սպասարկելով տասնյակ անգամներ գերազանցող բաժանորդների, ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում:

Ստեղծված մրցակցային շուկայական պայմաններում ցանցի կենսունակության պահպանումն ու ծառայությունների գրավչության ապահովումը ենթադրում էր մեծ ներդրումներ` տեխնիկական համալիրը վերազինելու և լրացուցիչ հեռահաղորդակցական ու աուդիովիզուալ բաղադրիչներ հավելելու համար, որի հնարավորությունը «ՀՀՌՑ» ՓԲԸ-ն չունի:

«ՀՀՌՑ» ՓԲ ընկերությունը 2014թ. հունիսի 1-ից դադարեցրել է լարային ռադիոցանցի գործունեությունը, և «Հայաստանի Հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերությանն առաջարկվել է ռադիոծրագրի սփռումն ապահովել Հայաստանի Հանրապետությունում հեռուստառադիոհաղորդումների մալուխային հեռարձակման լիցենզիա ունեցող ընկերությունների միջոցով:

ՀՀ Երևան քաղաքում հանրային ռադիոծրագրերը սփռվում են 69.7 ՄՀց և 107.7 ՄՀց հաճախականություններով:

Լարային ռադիոցանցի կանխավճար ունեցող բաժանորդներին կվերադարձվի վճարված գումարը, այն բաժանորդները, ովքեր ընդգրկված են ՀՀ պետական լիազոր մարմնի կողմից հաստատված սոցիալապես անապահով ընտանիքների ցանկում, կարող են դիմել «ՀՀՌՑ» ՓԲ ընկերություն և անվճար ստանալ ռադիոընդունիչ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել