Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ Ֆինանսաբյուջետային և Առողջապահության հանձնաժողովների համատեղ նիստ, որի ընթացքում քննարկվեց Հաշվեքննիչ պալատի կովիդի համավարակին վերաբերող հաշվեքննության եզրակացությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Ինչպես մինչ սա էլ առիթ ունեցել եմ փաստել, այսօրվա քննարկման արդյունքում ևս պարզ դարձավ, որ.
1. Հաշվեքննությունը փորձել է մասնագիտական եզրակացություններ տալ մի գործընթացի մասին, որի վերաբերյալ չունի մասնագիտական գիտելիքներ: Ավելին հաշվեքննությունը չի անդրադարձել այն հանգամանքին, որ կովիդի դեմ պայքարի գործընթացները իրականացվել են արտակարգ դրության պայմաններում և բազմաթիվ որոշումներ ընդունվել են օպերատիվ կարգով՝ թույլ չտալու համար առողջապահական համակարգի կոլապսը:
2. Հաշվեքննության մեջ առկա են ակնհայտ սխալ, մանիպուլյատիվ, հեղինակների սուբյեկտիվ դատողությունների վրա հիմնված մուտքային տվյալներ, որոնց հիման վրա էլ կատարվել են կրկին սխալ և մանիպուլյատիվ եզրահանգումներ:
3. Հաշվեքննության ընթացքում չեն ուսումնասիրվել և հաշվի առնվել բազմաթիվ իրավական ակտեր և եզրահանգումներ են արվել դրանց բացակայության կամ դրանց մեջ առկա կարգավորումների բացակայության վերաբերյալ: Այդ թվում հաշվի չի առնվել, որ կառավարության համապատասխան որոշումով պետական կառավարման մարմիններին համավարակի անկանխատեսելիությամբ պայմանավորված թույլատրվել է իրականացնել ուղիղ գնումներ, որպեսզի կարողանանք դեղերի, պաշտպանիչ միջոցների, բժշկական սարքերի համաշխարհային դեֆիցիտի պայմաններում, ապահովել կովիդի կանխարգելման և բուժման համար անհրաժեշտ բոլոր պարագաները, ինչը և բարեհաջող իրականացվել է: Ի հակառակ սրան հղում է կատարվում գոյություն չունեցող իրավական ակտերի, ինչպես օրինակ «վարչապետի արձանագրային որոշումն է»: Տեղեկացնեմ, որ մեր օրենսդրությունը չի նախատեսում նման իրավական ակտի գոյություն և հետևաբար տարբեր քննարկումների արդյունքների արձանագրումը իրավական ակտ համարվել չի կարող: Զարմանալի է, որ աշխատանքի այդքան տարիների փորձառություն ունեցող հաշվեքննիչ պալատը դրա մասին տեղյակ չէ:
4. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության ընթացքում անհասկանալի պատճառներով չի ընդունել առողջապահության նախարարության կողմից տրված բացատրություններն ու պարզաբանումները: Մեր հարցերին, թե կոնկրետ պարզաբանումներ ինչու՞ չեն ընդունվել, այդպես էլ պատասխանններ չեղան:
5. Հաշվեքննության ընթացքում հայտնաբերված բոլոր այսպես կոչված «բացահայտումները», ոչ այլ ինչ են, քան մասնագիտական գիտելիքների բացակայության և ենթատեքստից կտրված դատողությունների արդյունք: Հաշվեքննության ընթացքում համեմատվել են անհամեմատելի մեծություններ, հաշվի չի առնվել ծավալված հիվանդանոցների աշխարհագրությունը, դրանց ծավալման և հետ ծավալման առանձնահատկությունները, դրանցում բուժվող պացիենտների հիվանդության ծանրութան աստիճանով պայմանավորված տարբերակումը և այլն»,-նշել է նա:
Հաշվեքննիչ պալատի հաշվետվության մեջ նշվում է, որ համավարակի կանխման եւ բուժման նպատակով 2020 թ. Կառավարության պահուստային ֆոնդից տրամադրվել է 26,5 մլրդ դրամ: Հաշվեքննության շրջանակում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հաշվեքննություն իրականացնող խումբը եզրահանգել է, որ համավարակի կանխարգելման ու բուժման նպատակով համարժեք պլանավորման աշխատանքներ չեն իրականացվել, հատկացված ֆինանսավորման համար չեն սահմանվել ծախսային ուղղություններ ու ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշներ, որոշումների կայացման գործընթացում չեն կիրառվել սահմանված հաշվետվողականության մեխանիզմները: Բժշկական կազմակերպությունների՝ մեկ պացիենտի համար կատարված մասնագիտական անձնակազմի վարձատրության եւ դեղորայքային ու բժշկական նշանակման ապրանքների ծախսերի միջեւ եւս արձանագրվել են տարբերություններ:
Զեկուցողի խոսքով՝ հաշվեքննությունն իրականացվել է Առողջապահության նախարարության հետ գործընկերային մթնոլորտում՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված չափորոշիչները եւ նպատակ ունենալով համագործակցության ճանապարհով բարելավել հանրային սեփականության եւ բյուջետային միջոցների կառավարման արդյունավետության աստիճանը:
Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությանն անդրադարձել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նշել է, որ համավարակը նոր էր. ընդգրկուն եւ շատ բարդ է արդյունքների վերաբերյալ գնահատականներ տալը: Հաշվեքննիչ պալատն անդրադարձել է պլանային արդյունքային ցուցանիշներին, նպատակայնությանը, արդյունավետությանը եւ խնայողությանը վերաբերող հարցերին: 2020 թ. նախարարությունը, աշխատելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ այլ երկրների համապատասխան կառույցների հետ, արագ ձեւավորել է աշխատանքային խումբ: Մշակվել են կորոնավիրուսային համավարակին վերաբերող հանրապետական եւ միջգերատեսչական պլաններ, որոնք երեք անգամ վերանայվել են: Նախարարը նշել է, որ ըստ միջազգային կառույցների արձագանքի՝ ճիշտ ժամանակին ձեռնարկվել են հստակ մեխանիզմներ եւ գործողություններ, որոնք հանգեցրել են համավարակի կառավարմանն ու պացիենտների բուժմանը: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ համակարծիք չէ Հաշվեքննիչ պալատի այն եզրակացության հետ, թե համավարակի կանխարգելման ու բուժման նպատակով համարժեք պլանավորման աշխատանքներ չեն իրականացվել: Նախարարը մանրամասնել է, որ ներկայացվել են հստակ հիմնավորումներ տվյալ բժշկական կենտրոնի իրականացրած գործառույթների, վերապրոֆիլավորման աշխատանքների, ձեռքբերումների եւ փաստացի ծախսերի վերաբերյալ: Ըստ նրա՝ Հաշվեքննիչ պալատի կողմից արվել են ոչ ճիշտ միջինացումներ, որն էլ հանգեցրել է արդյունքային սխալ ցուցանիշների:
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ ի սկզբանե ռազմավարական մոտեցում է կիրառվել համավարակի դեմ պայքարում, եւ առանձին հիվանդանոցներ սկսել են սպասարկել քովիդով հիվանդներին, իրականացվել է համաճարակաբանական վերահսկողություն: Նախարարը հիշեցրել է, որ 2020 թ., ի տարբերություն Եվրամիության շատ երկրների, Հայաստանում չի եղել դեղորայքի, դիմակների, կոնցենտրատորների խիստ պակաս, եւ արված ներդրումների արդյունքում հնարավոր է եղել ապահովել ամբողջական ապահովվածություն:
Անահիտ Ավանեսյանը նշել է, որ իրենք չեն ընդունում այն եզրահանգումները, որոնք խեղաթյուրում են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի ամբողջ ընթացքում գերատեսչության վարած քաղաքականությունն ու արդյունքները:
ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին, Առողջապահության նախարարությանը՝ կատարած աշխատանքների համար: Առողջապահության գերատեսչության ղեկավարը պատասխանել է պատգամավորների հարցերին: