Փաստաբան Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում ՀՀ քր. օր.- ի 38- 225- րդ հոդվածի 2- րդ մասով և 164- րդ հոդվածի 1- ին մասով, վերջինս ներկա պահին ձերբակալված է ու իր նկատմամբ հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն:
Կանխավ ցանկանում եմ նշել, որ վերոհիշյալ մեղադրանքի իմաստով պարոն Եսայանը որևէ արարք չի կատարել, ավելին` դեպքից անցել է շուրջ մեկ տարի ութ ամիս և հենց այժմ նրան մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը բացառապես պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ»,- գրել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մամնուկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց, որ նախնական տեղեկություններով 4 անհայտ անձինք քաղաքացիական հագուստով մտել են Բագրատ Եսայանի աշխատասենյակ և առանց որևէ բացատրության նրան բերման ենթարկել: Հայտնի է դարձել, որ նրան տարել են ԱԱԾ՝ նախնական երկու տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակում: