Տղամարդը գողացել է հնդկաձավար, բրինձ, ոսպ, շաքարավազ, մակարոնեղեն, սուրճ, թեյ, ալյուր, սիսեռ, ձեթ և մի մասը նվիրաբերել

Աշոտ Հ․-ն  2021 թվականի հուլիսի 05-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում միայնակ մոտեցել է Վայոց ձորի մարզի առանձնատներից մեկին և հափշտակություն է կատարել։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Աշոտ Հ․-ն առանձնատան առաջին հարկում գտնվող ննջասենյակի բաց պատուհանով ապօրինի մուտք է գործել բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել ու նշված սենյակից նույն պատուհանով դուրս է բերել 53.550 դրամի սննդամթերք՝ հնդկաձավար, բրինձ, ոսպ, շաքարավազ, մակարոնեղեն, 30 պահածոյացված ձկնեղեն, սուրճ, թեյ, ալյուր, սիսեռ, ձեթ, խտացրած կաթ, և այլ մթերքներ։

Նշվում է, որ նա նախապես իմացել է, որ այդ տանը այդքան մթերք կա։

Աշոտ Հ․-ն հափշտակված սննդամթերքի մի մասը որպես օգնություն տվել է Արմեն և Անի Ա․-երին, իսկ մի մասը տարել է իր տուն:

Գործը դատարան է ստացվել փետրվարի 17-ին և մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանին։

Աշոտ Հ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասի 1․1 կետրի (գողությունը, որը կատարվել է՝ բնակարան ապօրինի մուտք գործելով) հատկանիշներով։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել