Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող 2021-2023 թվականների գործողությունների ծրագրի 5-րդ նպատակով նախատեսված է դատական իշխանության անկախության և անաչառության ամրապնդումը։ Այս նպատակին ուղղված որպես առանձնահատուկ նպատակներից է դատական իշխանության ֆինանսավորման, դատավորների և նրանց աշխատակազմի համաչափ վարձատրությունը։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված և հրապարակված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ ռազմավարության շրջանակներում դատական իշխանության անկախության և անաչառության ամրապնդման վերաբերյալ ընդունված իրավական ակտերի վերլուծության համաձայն՝ դատական իշխանության ֆինանսավորման, դատավորների և նրանց աշխատակազմի համաչափ վարձատրության համար կատարված գործողությունները չեն կատարվել։
– Նախատեսված է նաև փոփոխություններ կատարել համապատասխան իրավական ակտերում՝ ուղղված դատավորների և նրանց աշխատակազմի թվաքանակի ավելացմանը:
Համաձայն ՀՀ ԱՆ-ի կողմից հրապարակած «Հայաստանի Հանրապետության Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-L որոշմամբ հաստատված գործողությունների ծրագրերի 2019, 2020, 2021 թվականներին կատարման ենթակա ընթացքի վերաբերյալ, որոնք կատարվել են 2021 թվականի առաջին և երկրորդ կիսամյակներում» զեկույցի՝ սույն գործողության ներքո 03.02.2021թ․ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-265-Ն սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդունվել է ՀՀ վարչապետի 14.09.2021թ․ N990-Ա որոշումը, իսկ 14.04.2021թ․ ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ Հակակոռուպցիոն դատարանի վերաբերյալ ՀՀ վարչապետի որոշման նախագիծը գտնվում է քննարկման փուլում։
Ըստ նույն աղբյուրի՝ ՀՕ-265-Ն սահմանադրական օրենքը, ի թիվս այլ հարցերի, նախատեսում է նաև դատավորների թվակազմի ավելացում։
ՀՀ վարչապետի 14.09.2021թ․ N990-Ա որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման N 6 հավելվածի 7-րդ կետում, ըստ որի ՀՀ դատական դեպարտամենտի հաստիքների առավելագույն թիվը 2267-ից դարձվել է 2416, այն ավելացնելով 149-ով։
Ստեղծվել է Հակակոռուպցիոն դատարան՝ դատավորների համապատասխան թվակազմով։ Դատավորների թվակազմի ավելացումներ են իրականացվել վերաքննիչ դատարանում, այդպիսիք նախատեսվում են իրականացվել նաև վճռաբեկ դատարանում։ Ներդրվել է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր քննող դատարանների ինստիտուտը, որի արդյունքում 17 դատավորի հաստիք ավելացվել է, 8-ը՝ Երևանում, մնացածը՝ մարզերում։ Ինչպես նաև վերաքննիչ քրեական դատարանում դատավորների թիվն ավելացել է 3-ով։ ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ԲԴԽ-ի առաջարկությանը, և վերաքննիչ վարչական դատարանի, ինչպես նաև վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների թիվը նշյալներից յուրաքանչյուրում ավելացել է 3-ով։ Սնանկության դատարանում դատավորների թվակազմն ավելացվել է 4-ով։
Այսպիսով, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների շրջանում առանձնացնել ավելի նեղ մասնագիտացման դատավորներ, ովքեր կքննեն բացառապես մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվհետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ:
Մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում նույնպես ներդրվել է վերը նշված ենթամասնագիտացմամբ դատավորների համակարգ, սակայն, մեկ տարբերությամբ: Մարզերի նեղ մասնագիտացված դատավորները, ի թիվս մինչդատական քրեական վարույթի վերաբերյալ գործերի, կքննեն նաև այլ քրեական գործեր։
Ընդհանուր առմամբ, ստացվում է, որ դատավորների թվաքանակի ավելացումը մեծամասամբ իրականացվել է մասնագիտացված դատարաններում՝ մասնավորապես, ավելացվել է հակակոռուպցիոն և մինչդատական վարույթի վերաբերյալ գործերով մասնագիտացված դատավորների թիվը։ Սա էլ իր հերթին արվել է նոր ստեղծված մասնագիտացված դատարանների գործունեությունը ապահովելու նպատակով։ Սակայն այս ավելացումը չի լուծել ռազմավարական առանձնահատուկ նպատակը, ընդհանուր բնույթի գործեր քննող քաղաքացիական, սնանկության, վարչական և քրեական մասնագիտացված դատարաններում դատավորների թվի էական ավելացումը տեղի չի ունեցել, ինչի հետևանքով դեռևս շարունակվում է չլուծված մնալ դատական համակարգի ծանրաբեռնվածությունը։ Գործող դատավորների աշխատակազմերում թվակազմի ավելացում տեղի չի ունեցել։
Վերոհիշյալ իրավական նորմերի վերլուծությունը թույլ է տալիս հանգել այն եզրահանգման, որ մշակված օրենսդրական փոփոխությունները համապատասխանում են Ռազմավարական առանձնահատուկ նպատակին։
—————
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի 2019-2021 թվականների կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ ։