Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը Միքայել Բադալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, այնուհետեւ դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան, որտեղ մասնակի բավարարվել է բողոքը․ մեկ ամիս ժամկետով նրա նկատմամբ կիրառվել կալանավորումը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Միկա Բադալյանի պաշտպան Ժիրայր Ղարագյոզյանը:
«Այն մեղադրանքը, որն առաջադրված է Միքայել Բադալյանին, որպես պատիժ սահմանում է տուգանք, ազատազրկում մինչեւ 3 տարի ժամկետով, այսինքն՝ դա միջին ծանրության հանցանք է ու այդ դեպքում կիրառել բացառիկ խափանման միջոցը եւ թույլատրելի չճանաչել նրա նկատմամբ գրավի կիրառումը, աբսուրդային է»,- գրել է նա:
Հիշեցնենք` Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։
Նշենք, որ Բադալյանի՝ ապրիլի 11-ի գրառման մեջ ասվում էր, որ «Փաշինյանը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը – խմբ.) փորձում է խափանել ապրիլի 19-ի մոսկովյան ուղևորությունը»։
Ըստ բլոգերի՝ ՀՀ վարչապետը դա ուզում է անել Հայաստանում արտակարգ իրավիճակ ստեղծելով, որի համար «կօգտագործվի ահաբեկչական «Սասնա ծռեր» կազմակերպությունը, որը միգուցե Հայաստանի տարբեր հատվածներում ահաբեկչական գործողություններ կկատարի»։
Ապրիլի 24-ին Բադալյանն ազատ էր արձակվել։ Նա հայտնել էր, որ իրեն առաջադրված մեղադրանքը հանվել է։