«Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե այսօր ինչ պլաններ ունեն։ Նրա խոսքով՝ այսօրվանից սկսում են այցելել պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ հստակ և ուղիղ պահանջով։
«Առաջիկա 4 օրերի ընթացքում պետք է հստակ, թիրախավորված այցելենք տարբեր պետական հիմնարկներ, հաստատություններ և բոլորը պարտավոր են այս փաստաթղթի վերաբերյալ հայտնեն իրենց դիրքորոշումը»,-նշել է նա։
Երթը մեկնարկել է Ֆրանսիայի հրապարակից, ցուցարարներն այժմ Նալբանդյան փողոցում են։
Շարժման տարածած հայտարարության մեջ նշվում է․
«🔴Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:
🔴Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
🔴Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:
🔴Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:
🔴Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:
🔴Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:
🔴Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:
🔴Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»: