Զավթիչները փորձում են հասնել այն նպատակներին, որոնց պատրաստվում էին հասնել փետրվարի 24-ից հետո առաջին օրերին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դոնբասում իրավիճակը «շատ ծանր» է անվանել։

«Պատերազմի 100 օրվա ընթացքում օկուպանտները փորձում են հասնել այն նպատակներին, որոնց պատրաստվում էին հասնել փետրվարի 24-ից հետո առաջին օրերին»,- ասել է նա ուրբաթ երեկոյան իր ավանդական տեսաուղերձի ժամանակ։

Ուստի, նրա խոսքով, «նրանք կենտրոնացրել են առավելագույն հրետանի, առավելագույն պաշարներ Դոնբասում, այնտեղ և՛ հրթիռային հարվածներ կան, և՛ ավիացիան»:

«Մենք պաշտպանում ենք մեր հողը այնպես, ինչպես մեզ թույլ է տալիս այսօր առկա պաշտպանական ռեսուրսը: Մենք ամեն ինչ կանենք այն ամրապնդելու համար և կամրապնդենք այն։

Եթե զավթիչները կարծում են, որ Լիմանն ու Սևերոդոնեցկն իրենցն են լինելու, ապա սխալվում են։ Դոնբասը կլինի ուկրաինական։ Եթե նույնիսկ Ռուսաստանն այնտեղ ավերածություններ ու տառապանքներ բերի, մենք, այնուամենայնիվ, կվերականգնենք յուրաքանչյուր քաղաք։ Այնտեղ մեր ուկրաինական դրոշներին այլընտրանքներ չեն լինի»,- ընդգծել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել