Եթե սա աբսուրդի թատրոն չէ, բա ի՞նչ է. Ալեքսան Ասատրյանի փաստաբան

Ալեքսան Ասատրյանի փաստաբան Արթուր Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Սիրելի՛ պայքարակիցներ,

Աբսուրդի թատրոնը շարունակվում է։

Հենց նոր ինձ հետ կապ հաստատեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակզմից և հայտնեցին, որ իրենց բանավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտից բանավոր հայտնել են, որ (ուշադրություն) Ալեքսան Ասատրյանը ՀՀ ԱԱԾ-ում է, մեկ անգամ (իբրև թե) հրաժարվել է պաշտպան ունենալու իրավունքից, երկրորդ անգամ, երբ տեղեկացրել են, որ շենքում իր համար եկած պաշտպան կա (իբրև թե) կրկին հրաժարվել է պաշտպանից։ Իմիջիայլոց, հատուկ նշել եմ, որ թույլ տան ինձ տեսակցել Ալեքսանին և եթե նա հրաժարվի պաշտպան ունենալուց, ես դուրս կգամ շենքից։

Երևի զանգի իրավունքից էլ է, չէ հրաժարվել…

Իսկ ինձ ասում էին, թե այդ նույն ժամանակ Ալեքսան Ասատրյանը իբրև թե ՀՀ ԱԱԾ շենքում չէ, քննիչի հետ միասին մասնակցում է քննչական գործողության։

Եթե սա աբսուրդի թատրոն չէ, բա ի՞նչ է»,- գրել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հայտարարել էր, որ անհայտ ուղղությամբ առևանգել են Ալեքսան Ասատրյանին՝ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով։ Վերջինս նշել էր, որ օրվա հեռացող իշխանական խմբակն անցնում է բոլոր կարմիր գծերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել