Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը իր աջակցությունն է հայտնել Ավետիք Չալաբյանին:
«Արցախի Հանրապետության մեծ բարեկամ, հավատարիմ և նվիրյալ գործընկեր Ավետիք Չալաբյանը կալանավորվել է 2022 թվականի մայիսի 14-ին։
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը տարիներ շարունակ Արցախի Հանրապետությունում ձեռնամուխ է եղել մի շարք նշանակալի ծրագրերի իրականացմանը՝ ուղղված մեր բանակի զարգացմանը, անվտանգային համակարգի բարելավմանը, տնտեսական խնդիրների լուծմանը և այլն։
Անգնահատելի է Ավետիք Չալաբյանի ներդրումն ազգային հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանը ծառայող նախագծերում ։ Ավետիք Չալաբյանի հայրենանվեր գործունեությունը, մարդկային բացառիկ արժեքները և որակներն արժանի են բարձր գնահատանքի։
Իմ աջակցությունն եմ հայտնում Ավետիք Չալաբյանին և հորդորում իրավապահ կառույցներին փոխարինել կալանավորման մասին որոշումն ու իրականացնել արդար քննություն»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է պատասխանատվություն Հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ: Նա կալանավորվել է: