Պարտադիր զինվորական ծառայությունը կարող է փոխարինվել այլընտրանքային ծառայությամբ

Այլընտրանքային ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ում կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելը, ինչպես նաև զենք կրելը, պահելը, պահպանելը և օգտագործելը:

«Պարտադիր զինվորական ծառայություն անցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից և ընտրել այլընտրանքային ծառայություն»,- Իրավաբան. net-ի լրագրողին է հայտնում Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:

Ըստ իրավաբանի` այլընտրանքային է համարվում ժամկետային պարտադիր զինվորական ծառայությանը փոխարինող ծառայությունը, որը կապված չէ զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ ու իրականացվում է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական հիմնարկներում:

Այլընտրանքային ծառայության տեսակներն են`

ա) այլընտրանքային զինվորական` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում իրականացվող մարտական հերթապահության, զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ չկապված զինվորական ծառայություն.

բ) այլընտրանքային աշխատանքային` Հայաստանի Հանրապետության զինված ուժերից դուրս իրականացվող աշխատանքային ծառայություն:

Սերինե Խաչատրյանի փոխանցմամբ` այլընտրանքային ծառայության նպատակը հայրենիքի և հասարակության առջև քաղաքացիական պարտքի կատարման ապահովումն է և չունի պատժի, անձի պատվի և արժանապատվության նվաստացման բնույթ:

Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել