Հրթիռների պիտանելիության ժամկետները սպառված չեն եղել․ Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմբի հայտարարությունը

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով պաշտպանության կողմը ձեռք է բերել իրավասու պետական մարմնից ստացված անհերքելի ապացույցներ, որոնք փաստում են խնդրո առարկա հրթիռների ձեռքբերման ժամանակ դրանց շահագործման ժամկետների մեջ լինելը: Այս մասին նշվում է Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմբի հայտարարության մեջ։

«Այսպես՝ առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Դավիթ Տոնոյանը, 2010-2016 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը և այդ պաշտոնի բերումով տեղեկացված լինելով մատակարարման պահին հիշյալ հրթիռների օրացույցային ժամկետներն անցած լինելու մասին, ձեռնամուխ է եղել այդ՝ պիտանելիության ժամկետները սպառված և տեխնիկական բնութագրին անհամապատասխան հրթիռների ձեռքբերմանը: Մինչդեռ, ինչպես արդեն նշվեց, մի քանի պաշտոնական աղբյուրներից, այդ թվում՝ ներպետական իրավասու մարմնից ստացված պաշտոնական գրությամբ հաստատվել է, որ հիշյալ հրթիռների պիտանելիության ժամկետները սպառված չեն եղել, ավելին՝ հրթիռներն անգամ համապատասխանել են տեխնիկական բոլոր նորմերին:

Դատարանում ներկայացնելուց հետո պաշտպանության կողմը նաև կհրապարակի հիշյալ փաստաթղթերը»,-նշել է նա:

Նշենք, որ Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահմանն առնչվող քրեական գործով: Տոնոյանը կալանավորվել է սեպտեմբերի 30-ին: Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը եւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել