Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ ԱՀ կառավարության որոշմամբ մայիսի 23-ին Արցախում լրագրողի մասնագիտական տոնն է:
«Տոնի խորհուրդը լրագրողի մասնագիտական բարձր որակների՝ հետևողականության, սրտացավության և արհեստավարժության մեջ է, որի արմատները տանում են 1874 թվական, երբ Արցախում լույս ընծայվեց առաջին պարբերականը՝ «Հայկական աշխարհը»:
Արցախում լրագրության շուրջ մեկուկեսդարյա պատմության տարբեր հանգրվաններում անուրանալի է լրագրողների ներդրումը մեր ինքնության պահպանման, իրավունքների ու ազատությունների իրացման և մեր հողում ամուր կանգնելու պայքարի հաջողման հարցում: Շուշիի ծաղկունքից մինչև խորհրդային շրջան, Շուշիի ազատագրումից մինչև գերեվարում՝ մեր վերելքների ու անկումների նկարագրություններն ու վերլուծությունները մամուլի տողերում, ռադիոյի ձայնում և հեռուստատեսության տեսապատկերներում են:
Կուզեի շնորհավորել չորրորդ իշխանության ներկայացուցիչներին՝ վստահություն հայտնելով, որ նրանք մշտապես կմնան իրենց մասնագիտական ու քաղաքացիական բարձրության վրա և իրենց արհեստավարժությամբ մեծապես կնպաստեն Արցախի վերածննդի և համազգային հաջորդ հաղթանակների ու ծաղկունքների կերտմանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: