Տրանսպորտային միջոցների վրա, հաշվի առնելով ճանապարհային երթևեկության, ինչպես նաև հասարակական անվտանգությունը, գովազդ կարող է տեղադրվել`
1) տրանսպորտային միջոցի տանիքի վրա, ընդ որում, եթե տեղադրվում են լրացուցիչ առարկաներ, ապա դրանց չափերը` երկարությունը չպետք է գերազանցի 1380 միլիմետրը, լայնությունը՝ 440 միլիմետրը, բարձրությունը՝ 370 միլիմետրը, իսկ գովազդային գրառումները և պատկերները պետք է իրականացվեն այդ առարկաների՝ թափքի երկայնական առանցքին զուգահեռ կողմերի վրա.
2) թեթև մարդատար ավտոմոբիլների, տրոլեյբուսների և ավտոբուսների (այդ թվում՝ միկրոավտոբուսների) թափքերի կողային մակերեսների վրա` մինչև լուսամուտների եզրերը.
3) բեռնատար ավտոմոբիլների, կցորդների, կիսակցորդների թափքերի (այդ թվում` ֆուրգոնների) կողային մակերեսներին.
4) մոտոցիկլների վառելիքի բաքերի և գործիքային արկղերի կափարիչների վրա:
Գովազդը չպետք է տեղադրվի տրանսպորտային միջոցի առջևի և հետևի մասերում ու վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված տրանսպորտային միջոցի վրա, ինչպես նաև չպետք է կատարել գրառումներ` թվանշաններ պարունակող բեռնատար ավտոմոբիլների, կցորդների, կիսակցորդների և ավտոբուսների (այդ թվում՝ միկրոավտոբուսների) թափքի հետնապատի վրա, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ տեխնիկական կանոնակարգերով, կամ ստանդարտներով նախատեսված դեպքերի:
Գովազդի մակերեսը չպետք է գերազանցի տրանսպորտային միջոցի, որի վրա այն տեղաբաշխված է, թափքի ներկված մանրամասերի (դետալների) մակերեսի 50 տոկոսը:
Գովազդի նպատակով չեն կարող oգտագործվել տրանսպորտային միջոցի արտաքին լուսային սարքավորումները:
Տրանսպորտային միջոցների վրա կարող են տեղադրվել այնպիսի գովազդներ, որոնք իրենց գույնով և տեղադրման (փակցնելու) տեղով չպետք է նման լինեն հատուկ և oպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների գունագծապատկերներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տրանսպորտային միջոցների ճանաչման նշաններին:
Գովազդի համար կարող են oգտագործվել լուսաանդրադարձնող էֆեկտներ ունեցող ծածկույթներ, նյութեր և տարրեր, բացառությամբ ճանապարհային երթևեկության կանոններով արգելված գույների և լուսաանդրադարձնող նյութերի:
Գովազդի տեղադրման արդյունքում չպետք է փակվեն կամ սահմանափակվեն վարորդի տեսադաշտը, տրանսպորտային միջոցի արտաքին լուսային սարքերը, հաշվառման համարանիշերը, թափքի համարը, նույնացման համարը, տեղեկատվական գրառումները և նշանները:
Երկաթուղային տրանսպորտում գովազդը տեղադրվում է բեռնատար վագոնների վրա, ինչպես նաև ուղևորատար վագոններում, բացի պատուհանների մակերեսներից:
Ջրային տրանսպորտում գովազդը տեղադրվում է`
1) զբոսանավերի ներսում և կողային մակերեսների վրա.
2) բեռնանավերի և մոտորանավակների կողային մակերեսների վրա.
3) առագաստանավերի կողային մակերեսների և առագաստների վրա.
4) ջրացիկլների վառելիքի բաքերի վրա:
Չի թույլատրվում գովազդ տեղադրել ջրային տրանսպորտի տեղեկատվական գրառումների համար նախատեսված մասերի և պատուհանների մակերեսների վրա, ինչպես նաև նավակողերին, որոնց վրա չպետք է կատարվեն թվանշաններ պարունակող գրառումներ: