Ինչպե՞ս է ապրանքային նշանը հանրահայտ ճանաչվում

Ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու համար ցանկացած շահագրգիռ անձ կարող է դիմում ներկայացնել բողոքարկման խորհուրդ։ Դիմումը պետք է վերաբերի միայն մեկ ապրանքային նշանի։

Դիմումը պետք է պարունակի ապրանքային նշանի վերարտադրությունը և նկարագրությունը, ինչպես նաև թվականը, երբվանից հայտարկվում է ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելը։

Դիմումին կցվում են՝
1) ապրանքային նշանի իրավատիրոջ կամ օգտագործողի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթեր.
2) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց նկատմամբ օգտագործվում է ապրանքային նշանը.
3) փաստաթղթեր, որոնք վկայում են համապատասխան անձանց շրջանակում այն ապրանքների և (կամ) ծառայությունների համար ապրանքային նշանի հայտնի լինելու մակարդակի մասին, որոնց նկատմամբ օգտագործվում է ապրանքային նշանը.
4) ապրանքային նշանի օգտագործման սկիզբն ու ժամանակահատվածը վկայող փաստաթղթեր.
5) Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի օգտագործման աշխարհագրական տարածքի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթեր.
6) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։

Ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին դիմումը բողոքարկման խորհուրդը քննարկում և համապատասխան որոշում է կայացնում դիմումն ստանալու օրվանից հետո` երկամսյա ժամկետում։

Ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին որոշման հիման վրա պետական լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում համապատասխան գրառում է կատարում հանրահայտ ապրանքային նշանների տվյալների բազայում, դրա իրավատիրոջը հանձնում է հանրահայտ ապրանքային նշանի վկայագիր և այն հանրահայտ ճանաչելու մասին տեղեկություններ է հրապարակում «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել