Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի մասով իրավունքի տեսության և քրեական իրավունքի մասնագետների, երիտասարդ հետազոտողների խմբի հետ համակողմանի քննարկման արդյունքում եկել եմ հետևյալ եզրահանգման․
Գործող քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածում արգելվում է միայն ԱԶԳԱՅԻՆ արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները, ուստի ՆԵՐԱԶԳԱՅԻՆ սոցիալական խմբերի միջև արժանապատվությունն նվաստացնելուն ուղղված գործողությունն արգելված չէ (արգելի բացակության՝ լավ է կամ վատ լինելը դուրս է քննարկվող հարթությունից)։
Ընդ որում, սա քրեական օրենքի տեքստի մեկնաբանման կամ ցանկությունների կամ էմոցիաների հարց չէ։ Գործ ունենք քրեական օրենքի բացի հետ․ այդ բացն ակնառու է, եթե գործող օրենքը համեմատում ենք ՌԴ քր․ օր-ի 282-րդ և ՀՀ նոր քր․ օր-ի 329-րդ հոդվածների հետ, որտեղ ըստ էության լրացվել է ներազգային ատելություն հրահրելու բացը։ Նշված արգելքներում խոսվում է «անձանց խմբի» նկատմամբ (․․․) «ոչ միայն ազգային, այլ նաև էթնիկ կամ սոցիալական բնույթի ԱՅԼ հանգամանքներով պայմանավորված» կամ «սոցիալական խմբին պատկանելու հանգամանքով պայմանավորված» ․․․ անհանդուրժողականության կոչերը (․․․), որը թերևս կարող է վերաբերել նաև ներազգային ատելության դրսևորումներին։
Հիշեցնեմ, որ քրեական իրավունքի հատուկ մասի նորմերն անալոգիայով չեն կարող կիրառվել կամ դա չի կարող քողարկվել օրենքի տարածական մեկնաբանման միջոցով։
Ցավով եմ եզրակացնում, որ Հայաստանում երկու ամսով մարդ են կալանավորվում օրենքով չարգելված արարքի պայմաններում (օրենքի այս հոդվածի բացը չէր կարելի չգիտակցել կամ չտեսնել)»։
Հավելենք, որ 226-րդ հոդվածով սահմանված են ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար նախատեսված պատիժները։
1. Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները՝ պատժվում են տուգանքով՝ 200․000-500․000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով,
2) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
4) կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով։