ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է 2022թ. մայիսի 11-ին Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի մոտ քաղաքական ընդդիմության հավաքների մասնակիցներից մեկի կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նույն օրը քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի ընթացքում Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի մուտքերը հավաքի մասնակիցների կողմից սահմանափակելու ժամանակ, նախկինում տարբեր հանցագործությունների, այդ թվում` ծանրացուցիչ հանգամանքներում ավազակության, ինչպես նաև ապօրինի կերպով հրազեն կրելու և դրա գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար 4 անգամ քրեական պատասխանատվության ենթարկված՝ հավաքի մասնակիցներից մեկը, չենթարկվելով նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված բռնություն է գործադրել վերջիններիս նկատմամբ, բացի այդ, բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով՝ փորձել է գլխով հարվածել ոստիկաններին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր մասնակցի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 1987թ. ծնված Գեղամ Կարապետյանն է: Վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: