Հանրային-մասնավոր երկխոսություն՝ հանրային հաղորդակցման ռազմավարության և էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրման շուրջ

«Բաց կառավարման գործընկերության» (ԲԿԳ) ազգային գործողությունների 5-րդ ծրագրի մշակման շրջանակներում մայիսի 17-ին տեղի է ունեցել թվով երկրորդ առցանց քննարկումը՝ հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով։ Մասնակցում էին պետական մարմինների ներկայացուցիչներ, մասնագիտացված ՔՀԿ-ներ և փորձագետներ։

Քննարկման առաջին մասում երկխոսությունը ընթացել է հանրային հաղորդակցման և տեղեկատվության հասանելիության ռազմավարության մշակման անհրաժեշտության շուրջ՝ ճշգրիտ, ժամանակին, հասցեական հաղորդակցում ունենալու նպատակով, իսկ երկրորդ մասը՝ նվիված էր Էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգին, «eCourt-statistics» գործիքի ներդրմանը և դրա շուրջ ընթացող աշխատանքներին։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Անետա Բաբայանը նշեց, որ պետությունն արդեն իսկ բավականին ակնհայտ հանձնառություններ է ստանձնել՝ հաղորդակցման բնագավառում լուրջ ռազմավարական ռեֆորմներ իրականացնելու համար։

«Պետության ռազմավարական հաղորդակցության և տեղեկատվական քաղաքականության ոլորտում բավականին մարտահրավերներ ունենք ու խնդիրներ ենք արձանագրել ռազմավարության շրջանակներում և եթե այդ խնդիրները բաժանենք մի քանի հատվածների, ապա դրանք կներառեն ինստիտուցիոնալ կարգավորումներից, իրավական շրջանակից, կարողություններից մինչև գործիքակազմեր։ Չորս տարբեր հարթության խնդիրներ ենք արձանագրել»,-ասաց Անետա Բաբայանը։

Նրա խոսքով՝ մինչև 2024 թվականը մի շարք կարևոր ուղղություններով անելիքների շարք է որդեգրվել՝ սկսած տվյալների քաղաքականությունից, ձևակերպումից ու օրենսդրական ամրագրումից, կիբերանվտանգության օրենսդրությունից, դրանց ինստիտուցիոնալ կարգավորումներից ու կառուցակարգերից, ինչպես նաև վարչական տեղեկատվական համակարգերի արդիականացման և փոխգործելիության հետ կապված խնդիրների լուծումներով։

Հանրային հաղորդակցության, տեղեկատվության տիրույթում էապես տարբերություն կա օրինակ քաղաքաբնակ և մարզաբնակ քաղաքացիների հետ տարվող աշխատանքներում։ Այս մասին իր խոսքում նշեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի ծրագրային փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը։ Նա ասաց, որ վեր հանված ինստիտուցիոնալ խնդիրներից է նաև պաշտաճ և ժամանակին արձագանքման մեխանիզմների բացակայությունը․ «Ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ դրսի՝ արտաքին դիվանագիտական հարաբերություններում հանրային հաղորդակցության ռազմավարության բացակայության արդյունքում է, որ շատ հաճախ և՛ պատասխանները, և՛ արձագանքները լինում են իրավիճակային, ոչ փաստարկված, և որպես վառ օրինակ կարող եմ նշել համավարակի ընթացքում ոչ պատշաճ հանրային հաղորդակցության ապահովումը, քանի որ ոչ ճիշտ հաղորդակցության դեպքում կարող են բացասական ելքեր լինեն, օրինակ՝ հանրային խուճապ, ապատեղեկատվության տարածում և այլն»։

Սյուզաննա Սողոմոնյանը նաև նշեց, որ պետական կառույցները միայն մամուլի հաղորդագրություններով չեն կարող հանրային տեղեկատվությունը, հաղորդակցությունն ապահովեն։ Այժմ ավելի շատ անդրադարձներ են կատարվում այս կամ այն լրատվամիջոցի որևէ հրապարակմանը, քան թե՝ քաղաքացիների հետ հաղորդակցմանը և իրազեկմանը։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանի խոսքով՝ ոլորտում մի շարք խնդիրների ու դրանք լուծելու կարիքը հատկապես նկատվել է պատերազմական շրջանում, երբ բավականին շատ ապատեղեկատվություն էր շրջանառվում։

«Այստեղ պետք է մենք հստակ պատկերացնենք, թե ինչ խնդիրների ենք բախվում տեղեկատվական անվտանգության հետ կապված։ Մենք ունենք երկու տեսակի խնդիր․ առաջինը տեխնոլոգիական բնույթի է, երբ համապատասխան մասնագետների միջոցով ապահովվում է երկրի, սեփական բիզնեսի տեղեկատվական անվտանգությունը տարբեր հաքերային հարձակումներից և երկրորդը կապված է ազգաբնակչության հետ՝ տեխնոլոգիական անվտանգության գրագիտության բարձրացումը, կրթությունը, որպեսզի կարողանանք ժողովրդին կրթել, որպեսզի ինտերնետից ճիշտ օգտվեն, հաքերային հարձակումների զոհ չդառնան»,-մանրամասնեց Արկադի Սահակյանը։

Փորձագետ Մարիամ Զադոյանը նշեց, որ էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգը չի ներդրվել։ Դրա ներդրման հետ կապված նա մի շարք առաջարկություններ ներկայացրեց, այդ թվում․

  • Իրավական կարիքների և ռեսուրսների հասանելիության չափում, արդյունքների հրապարակում,
  • Իրավական կարողությունների բարելավում (իրավական ռեսուրսների հասանելիություն, վեճերի լուծման այլընտրանքային տարբերակներ),
  • Իրավաբանական օգնության հասանելիության ապահովում՝ (անապահով համայնքներում իրավաբանական ծառայությունների ընդլայնում),
  • Արդարադատության գործընթացների ամրապնդում (մատչելի լեզվով նախաձեռնություններ, մասնագիտացված դատարաններ և դատավորների վերապատրաստում,
  • Արդարադատության արդյունքների շարունակական գնահատում (բարձր առաջնահերթության ոլորտներ)։

Նա նաև նշեց, որ արդարադատությունը՝ որպես բաց կառավարում իրականացնելու միջոց, պետք է ունենա բողոքարկման մեխանիզմների առկայության և դրանց բացության և հասանելիության ապահովում՝ բոլոր ընթացակարգային և նյութական իրավունքների համար, ինչպես նաև պետք է իրականացվեն արդարադատության ոլորտի ներկայացուցիչների պարբերական վերապատրաստում (տեղեկատվություն ստանալու իրավունք, հարկերը և արդարադություն, կլիմայի փոփոխություն և բնապահպանական խնդիրներ):

Արդարադատության նախարարի խորհրդական Սերժ Ռուշանյանն իր հերթին կարևորեց էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրման անհրաժեշտությունը՝ նշելով, որ ոլորտը նախարարության համար առաջնային է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել