44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները դատախազությունից և քննչական կոմիտեից պահանջում են քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ

Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընթացող «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարություն արեցին նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները:

«Մենք այսօր ծնողներով եղել ենք վերաքննիչ դատարանում: Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի կողմից 2021 թվականի հունիսի 11-ին գլխավոր դատախազին հաասցեագրվել է հանցագործության մասին հաղորդում, առ այն, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը դիտավորությամբ կատարել է արարքներ, որով օգնել է Ադրբեջանին, որպեսզի վերջինիս կողմից Արցախի դեմ իրականացված թշնամական գործունեության արդյունքներով Ադրբեջանի վերահսկողության ներքո վերադառնան հայկական զինված ուժերի կողմից նախկին ազատագրված Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքները՝ այդ թվում Հադրութն ու Շուշին, ինչն էլ պաշտոնապես մարգրվել է նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությամբ:

Այսօր վերաքննիչ դատարանում դատավոր Կարեն Բիշարյանի կողմից քննվում է այդ հաղորդումը: Ըստ  մամուլի՝ Կարեն Բիշարյանը համարվում է իշխանության կամքը կատարող դատավոր: Ակնհայտորեն դատաքննությունը ձգձգվում է: 2022 թվականի ապրիլի 18-ին հիշյալ բողքով նշանակվել է դատական նիստ, սակայն կողմերին չի ծանուցվել: Նույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 6-ին, բայց դատավորը մոտ մեկ ժամ նիստ անելուց հետք հետաձգել է այն և հաջորդ նիստը նշանակվել է այսօր:

Դատարանում դատական նիստերի ցուցատախտակի վրա արձանագրված է, որ զոհվածների շահերին ուղղակիորեն առնչվող բողոքով դատավոր Կարեն Բիշարյանը նույն օրը և նույն ժամին նշանակել է տարբեր դատական նիստեր: Այս հանգամանքը վկայում է Բիշարյանի կողմից դատական նիստերը ակնհայտ ձգձգելու մասին: Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների իրավահաջորդներս որպես շահագրգիռ կողմ ներկայացել էինք վերաքննիչ դատարան, սակայն պարզվել է, որ գործին մասնակցող դատախազին դատարանը պատշաճ ծանուցում չի ուղարկել: Արդյունքում այլ ելք չունենալով փակել ենք դատարանի առջևի ճանապարհը:

Դատարանի նման վարքագիծը ծաղր է մեր վշտի նկատմամբ: Սույն հայտարարությամբ պահանջում ենք գլխավոր դատախազից այս դատական գործով բողոքի քննությունը կրկին հանձնարարել նախկինում մասնակցող դատախազ Ա. Մուրադյանին: Ոշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ քննվող բողոքը ենթական չէ քննչական կոմիտեի զինվորական գործերով վարչությանը: Փաստաբանների բողոքի կապակցությամբ դատախազ Ա. Մուրադյանի անհիմն դիրքորոշումները հերքվել են դատարանում և դատախազությունը հարկադրված որոշում է կայացրել քրեկական գործ հարուցելու, սակայն հարուցել են ոչ թե պետական դավաչանության, այլ՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու փաստով: Մենք՝ զոհված զինծառայողների հարազատներս, դատախազությունից և քննչական կոմիտեից պահանջում ենք Քր. օրենսգրքի 299-րդ հոդվածով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Պահանջում ենք նաև ԲԴԽ նախագահ Գագիկ Ջահանգիրյանի հրաժարականը»,- հայտարարեցին զոհված զինծառայողների հարազատները:

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել