Քաղաքացիներն ուշանում են աշխատանքից. Վլադիմիր Վարդանյանը խնդրանքով դիմել է ընդդիմությանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ քաղաքական ճգնաժամ չկա ու «շատ դժվար է որոնել սև կատվին մութ սենյակում, առավել ևս, որ սև կատուն մութ սենյակում չէ»:

«Քաղաքական պահանջ չեմ տեսնում, չեմ տեսնում որևէ քաղաքական օրակարգ, չեմ տեսնում որևէ եղանակով օրենսդրական գործընթացին մասնակցելու ցանկություն և, ի վերջո, ես հարց եմ բարձրացնում հարկատուներին, թե ի՞նչ է տեղի ունենում այն պարագայում, երբ մարդիկ ըստ էության չեն աշխատում և դրա համար վարձատրվում են»,- ասաց նա և նշեց, որ իրենք իսկ պարալիզացրել են իրենց աշխատանքը:

Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ քաղաքական ակցիաները հասկանալի են, հասկանալի է մոտեցումը, հասկանալի է ժողովրդավարական ցանկացած դրսևորում, բայց ժողովրդավարությունը առանց իրավունքի գերակայության գոյություն չունի:

«Եթե խուլիգանական դրսևորումները փորձելու են ներկայացնել ժողովրդավարական պրիզմայի ներքո, դա ժողովրդավարություն չէ, ամբոխավարություն է»,- ասաց նա:

Ամեն դեպքում պատգամավորը կոչ արեց ըմբռնումով մոտենալ այս ակցիաներին և ակցիաներ իրականացնողներին խնդրեց թույլ տալ որոշ հատվածներ դառնան երթևեկելի, քանի որ քաղաքացիներն ուշանում են աշխատանքից:

Անդրադառնալով ոստիկանության աշխատանքին՝ նա ասաց, որ ոստիկանությունը պարտավոր է իրականացնել իր գործառույթները:

«Ոստիկանությունը լավամարդ կամ վատամարդ չէ, այլ ոստիկանությունը պարտավոր է և իրականացնում է իր պարտավորությունները»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել