Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դասագրքային հանրահայտ փաստերով «գաղտնիքների» հրապարակում։ Սա վերաբերում է մադրիդյան սկզբունքների յուրովի մեկնաբանությանը, որոնց միանալով Հայաստանը իբր կողմ է եղել 1991 թ. Ղարաբաղի անկախության հանրաքվեն առոչինչ ճանաչելուն, քանի որ համաձայնվել է նոր հանրաքվեի, և սույն փաստը իբր «թաքուն» է պահել հանրությունից։ Հակիրճ ներկայացնենք մի քանի նկատառումներ (առավել հանգամանորեն դրանք արտացոլված են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտխորհրդի համապատասխան հայտարարության մեջ):
Նախ, նոր հանրաքվեի մասին բացահայտ, առանց շղարշի խոսվել է մշտապես, գրեթե բոլոր բանակցություններում, ինչին դեմ է եղել ադրբեջանական կողմը, քանզի հրաշալի հասկացել է, թե դա իրենից ինչ է ներկայացնում և անխուսափելիորեն ինչ հետևանքների կհանգեցնի։
Արդեն իսկ կայացած հանրաքվեն վիճահարույց է համարել միջազգային հանրությունը, սակայն ոչ թե այն պատճառով, որ իբր բարձր նշաձող է եղել սահմանված, այլ որ հարկ է եղել սոսկ ապահովել բոլոր բնակիչների մասնակցությունը՝ փաստ, որը երբեք չի կարող անհանգստացնող գնահատվել։ Ընդ որում, Շուշիի մասով ՌԴ նախագահ Պուտինի առաջարկը հենց այդ համատեքստում է եղել, ինչն անհիմն մերժվել է։ Մինչդեռ՝ խիստ անհանգստացնող է որևէ ցածր նշաձողի մասին անգամ ակնարկը, ինչը երբևէ չի եղել և չէր էլ կարող լինել։
Վերջապես, ի՞նչ «գաղտնիքների» բացահայտման մասին է խոսքը, երբ ներկա պահին հստակ չի խոսվում անգամ նոր այդպիսի հանրաքվեի օգտին, ընդ որում, ելակետային տվյալներն էլ արդեն նույնը չեն, առնվազն Շուշին և Հադրութը հանձնելու մասով։
Այդ գաղտնիք կոչվածը վերջերս, մինչև ԱԺ հայտնի նիստը, հերթական անգամ «բացահայտվել է» իմ ղեկավարությամբ իրականացված մի ավարտական աշխատանքում, իսկ հեղինակն արցախցի նվիրյալ երիտասարդ է»,- գրել է նա: