Ավետիք Չալաբյանի կոչը կալանավայրից. «5165» շարժում

«5165» շարժումը հայտնում է, որ Ավետիք Չալաբյանը կալանավայրից կոչով դիմել է քաղաքացիներին.

«Սիրելի´ բարեկամներ,

շատերիդ հայտնի է, որ մայիսի 14-ին ես կալանավորվել եմ շինծու քրեական գործով, որում բացակայում է որևէ իրական հանցակազմ և որի միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է: Բոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ ես չեմ կատարել որևէ ապօրինի արարք կամ նույնիսկ գործողություն, որը կարող էր հակասել մեր արժեհամակարգին:

Որևէ քաղաքական ճնշում, ակնհայտ մեքենայությունների վրա հիմված որևէ քրեական գործ չեն կարող շեղել ինձ մեր երկրի ու պետականության համար մղվող պայքարից:

Այս օրերի ընթացքում իմ կողքին են գտնվել մարդիկ` ընտանիքիս անդամները, փաստաբաններս, իմ համախոհներն ու ընկերները, որոնք ըստ ամենայնի աջակցել են ինձ և դրանով օգնել` տանել ինձ բաժին հասած փորձությունը:

Շնորհակալ եմ ձեզ բոլորին, ջերմորեն ողջունում եմ և համոզված եմ, որ միասնական ջանքերով մենք ոչ միայն կհաղթահարենք այս փորձությունը, այլ նաև կկարողանանք հաղթական ավարտի հասցնել մեր պայքարը և նոր էջ բացել մեր երկրի պատմության մեջ»:

Նշենք, որ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար:

Քրեական գործի նախաքննության ընթացքում վերոհիշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Ավետիք Չալաբյանը (այնուհետև՝ կալանավորվել):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել