Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կալանավորումը տեղի են ունեցել ակնհայտ սադրող ձայնագրության հիման վրա, որի ապացուցողական նշանակությունը և թույլատրելիությունը խիստ կասկածների տեղիք են տալիս:
Ընդ որում, նա երկու ամսով կալանավորվել է Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածով նախատեսված արարքի համար, որը 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքով այլևս պատժելի չի լինելու:
Հետևաբար, Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի»,-նշել է նա։
Նշենք, որ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:
Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար:
Քրեական գործի նախաքննության ընթացքում վերոհիշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Ավետիք Չալաբյանը (այնուհետև՝ կալանավորվել):