Հայաստանում 2012 թ. հունվար-ապրիլին կատարվել է 4871 քրեական հանցագործություն: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տեղեկացմամբ`հանցագործությունների մեծ մասը` մոտավորապես 52 %-ը, կատարվել է Երեւան քաղաքում:
Մարզերից «ամենաքրեականացվածը» Լոռին է, որտեղ կատարվել են 435 հանցագործություններ: Ընդ որում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս մարզում հանցագործություններն աճել են 12%-ով: Նախորդ տարիներին եւս Լոռին աչքի է ընկել հանցագործությունների մեծ քանակով:
Հանցագործությունների քանակով երկրորդ տեղում է Կոտայքի մարզը` 2012 թ. այստեղ կատարվել է 349 հանցագործություն, սակայն նախորդ տարվա համեմատ էական աճ չկա:
Մյուս մարզերն էապես զիջում են այս երկու մարզերին, իսկ «ամենաօրինապահ» մարզը Վայոց Ձորն է` ընդամենը 63 հանցագործություն (17%-ով ավելի քիչ, քան 2011 թ.):
Հանցագործությունների թվի ամենամեծ անկումը տեղի է ունեցել Արագածոտնում` 36%-ով:
Մյուս մարզերի ցուցանիշները հետեւյալն են. Արարատ` 294 հանցագործություն (2011 թ. 4 ամսում` 302), Շիրակ` 274 (313), Արմավիր` 269 (253), Գեղարքունիք` 221 (223), Տավուշ` 141 (137), Սյունիք` 135 (143), Արագածոտն` 110 (173):