Հաշվում դրամական միջոցների առկայության դեպքում, որոնց գումարը բավարար է հաշվին ներկայացված բոլոր պահանջները բավարարելու համար, այդ միջոցները դուրս են գրվում հաճախորդի կարգադրությունները և դուրսգրման այլ փաստաթղթերը մուտք լինելու հաջորդականությամբ (օրացուցային հաջորդականություն), եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Հաճախորդի կարգադրությունները և նրան ներկայացված բոլոր պահանջները բավարարելու համար հաշվում դրամական միջոցների անբավարարության դեպքում դրամական միջոցները դուրս են գրվում հետևյալ հաջորդականությամբ.
առաջին հերթին` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հետ կապված, ինչպես նաև ալիմենտներ բռնագանձելու վերաբերյալ պահանջները բավարարելու համար կատարողական փաստաթղթով նախատեսված դրամական միջոցների փոխանցումները կամ վճարները.
երկրորդ հերթին` աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց արձակման նպաստների, աշխատավարձի և հեղինակային պայմանագրերով վարձատրության վճարումների հաշվարկների համար կատարողական փաստաթղթով նախատեսված դրամական միջոցների փոխանցումները կամ վճարումները.
երրորդ հերթին` վճարային փաստաթղթերով պետական բյուջե և համայնքային բյուջեներ կատարվող վճարները.
չորրորդ հերթին` կատարողական փաստաթղթով նախատեսված այլ դրամական պահանջները բավարարելու համար վճարները.
հինգերորդ հերթին` այլ փաստաթղթերով վճարները` ըստ դրանց ներկայացման օրացուցային հաջորդականության:
Տվյալ հերթին պատկանող պահանջներով հաշվից միջոցները դուրս են գրվում փաստաթղթերի մուտք լինելու օրացուցային հաջորդականությամբ: