Ինչպե՞ս պետք է օգտագործվի բարեգործական կազմակերպության գույքը

Բարեգործական կազմակերպությունները չեն կարող որպես նվիրատվություն ընդունել որևէ գույք՝ ի շահ նվիրատուի օգտագործելու պայմանով:

Բարեգործական կազմակերպությունն աշխատակազմի վարձատրության և տնտեսական ծախսերի համար կարող է օգտագործել այդ կազմակերպության կողմից յուրաքանչյուր ֆինանսական տարվա ընթացքում ստացված եկամուտների մինչև 20 տոկոսը, բացառությամբ նվիրաբերությունների տեսքով ստացված այն եկամուտների, որոնց վերաբերյալ բարեգործը սահմանել է այլ պայմաններ:

Դրամական նվիրաբերությունների և նվիրատվությունների ոչ պակաս, քան 80 տոկոսը պետք է օգտագործվի բարեգործական կազմակերպության կողմից այդ աջակցությունն ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե բարեգործի կողմից կամ բարեգործական ծրագրով այլ բան նախատեսված չէ: Բնամթերային նվիրաբերությունները և նվիրատվություններն ամբողջությամբ ուղղվում են բարեգործական նպատակների իրականացմանը՝ դրանց պիտանիության ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան դրանք ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ բարեգործի կողմից կամ բարեգործական ծրագրով:

Սահմանված ժամկետներում բարեգործական կազմակերպությունների կողմից դրամական և բնամթերային նվիրաբերություններն ու նվիրատվությունները չօգտագործելու դեպքում դրանց օգտագործման ժամկետները կարող է երկարաձգել լիազորված մարմինը՝ մինչև վեց ամիս ժամկետով:

Բնամթերային նվիրաբերությունների և նվիրատվությունների օգտագործման ժամկետները կարող են երկարաձգվել դրանց պիտանիության ժամկետների սահմաններում:

Նշված ժամկետներում դրամական և բնամթերային նվիրաբերություններն ու նվիրատվությունները չօգտագործելու դեպքում դրանք կարող են բռնագանձվել դատական կարգով: Բարեգործական նպատակով Հայաստանի Հանրապետություն ներկրվող ապրանքները վերագնահատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել