Հակաահաբեկչական գործողության իրականացման գոտում հակաահաբեկչական գործողություններ իրականացնող անձինք իրավունք ունեն՝
1) անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկելու փողոցներում և ճանապարհներին տրանսպորտային միջոցների և հետիոտնի երթևեկությունը ժամանակավոր սահմանափակելու կամ արգելելու, տեղանքի առանձին հատվածներ և օբյեկտներ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցիչների, հյուպատոսական հաստատությունների տրանսպորտային միջոցների մուտքը չթույլատրելու, քաղաքացիներին տեղանքի առանձին հատվածներից և օբյեկտներից հեռացնելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցները հեռացնելու.
2) ստուգելու քաղաքացիների (այդ թվում` պաշտոնատար անձանց) անձը հաստատող փաստաթուղթը, իսկ դրա բացակայության դեպքում նրանց ինքնությունը պարզելու նպատակով միջոցներ ձեռնարկելու՝ ընդհուպ բերման ենթարկելով.
3) ձերբակալելու և հակաահաբեկչական գործողություններ իրականացնող պետական մարմիններին կամ հատուկ ծառայություններին ներկայացնելու այն անձանց, ովքեր կատարել կամ փորձել են կատարել հակաահաբեկչական գործողություններ իրականացնող անձանց օրինական պահանջների խոչընդոտմանն ուղղված գործողություններ, ինչպես նաև գործողություններ՝ կապված հակաահաբեկչական գործողությունների իրականացման գոտի առանց թույլտվության ներթափանցելու կամ դրա փորձի հետ.
4) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով սահմանված դեպքերում և կարգով անարգել մուտք գործելու (ներթափանցելու) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող բնակելի և այլ շինություններ, շրջակա տեղանքի հատվածներ, տրանսպորտային միջոցներ (բացառությամբ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցիչներին պատկանող շինությունների, տարածքների և տրանսպորտային միջոցների)՝ ահաբեկչական գործողությունը կանխելու, ահաբեկչական գործողություն կատարած կամ ահաբեկչական գործողության կատարման մեջ կասկածվող անձանց հետապնդելու համար.
5) հակաահաբեկչական գործողության անցկացման գոտի մուտքի և ելքի պարագայում իրականացնելու քաղաքացիների անձնական զննում, տեխնիկական միջոցների կիրառմամբ նրանց մոտ գտնվող առարկաների, տրանսպորտային միջոցների և նրանցով տեղափոխվող ապրանքների ստուգում.
6) ծառայողական նպատակներով օգտագործելու կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կապի միջոցները.
7) անհետաձգելի դեպքերում ծառայողական նպատակներով օգտագործելու ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցները, բացառությամբ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցների: