Ի՞նչ անենք, էլ տեղ չի մնացել, որ չգնանք, քիչ ա մնում ճանապարհ փակենք. գյուղացիները շարունակում են բողոքել

Իրավաբան.net-ն արդեն անդրադարձել էր Արարատի մարզի Ոսկետափ գյուղի ջրամատակարարման խնդրին, որը շարունակում է չլուծված մնալ: Ոսկետափ գյուղի բնակիչները շարունակում են բողոքել:

 

«Ի՞նչ անենք, էլ տեղ չի մնացել, որ չգնանք, քիչ ա մնում ճանապարհ փակենք: Ախր ոնց կլինի սենց մեզ բանի տեղ չեն դնում: Սաղ ասում են էսօր-էգուց կլինի: Բայց ո՞ւր ա»,-դժգոհեց գյուղացիներից մեկը :

 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, գյուղը շուրջ երեք ամիս է ջուր չունի: Հուլիսի 11-ի երեկոյան փողոցի բնակիչների մի մասը ջուր ունեցել է,իսկ մյուս մասին այդպես էլ ջուր չի հասել: Նույնը տեղի է ունեցել նաև հուլիսի 13-ին: Այս անգամ ջուրը չի հասել միայն գյուղի բնակիչ Գոռ Գաբրիելյանին, ով բազմիցս դիմումներ է ներկայացրել համապատասխան մարմիններին գյուղի ջրամատակարարման խնդիրը լուծելու համար: Վերջինիս հավաստմամբ՝ իրեն ջուր միտումանավոր չեն տվել, քանի որ ակտիվ պահվածքի համար թիրախ է դարձել. «Երբ ես զանգեցի ջուրը բաշխող Սարգիսին ու հարցի, թե ինչի՞ ինձ ջուր չի հասել, նա պատասխանեց, որ հարևանների փոսերը լցվելուց հետո իրեն վերևից կարգադրել են ջուրը անջատել և միացնել այլ ուղղությամբ»:

 

Բնակիչներն արդեն հույսը կորցրել են, որ կարող է մի օր իրենք էլ նորմալ ջրամատակարարում ունենան. «Արդեն քսան տարի է ամռանը մենք այս խնդիրն ունենք: Ձմեռները ամիսը մեկ տալիս են, էն էլ որդնած ու նեխած ջուր ա: Խմելու համար պիտանի չի, դրա համար խմելու ջուրը սենց թե նենց ստիպված առնում ենք»,- մեզ հետ զրույցում ասացին վրդովված բնակիչները:

 

Նրանք մեզ տեղեկացրին նաև, որ իրենց մատակարարվող ջրի պատճառով երեխաները հաճախ են առողջական խնդիրներ ունենում. «Անցյալ տարի երեխաս 10 օր հիվանդանոցում պառկեց: Անալիզներից պարզ եղավ, որ ջրի պատճառով ա եղել»:

Բնակիչները հավաստիացրին նաև, որ նման խնդիր ունի միայն Ոսկետափ գյուղի Մոնթե Մելքոնյան փողոցը, իսկ մյուս փողոցներում քիչ թե շատ ջրամատակարարումը նորմալ է:

 

«Պետք ա ճարահատյալ երեխեքիս վերցնեմ գնամ ծնողներիս տուն, որովհետև ի վիճակի չեմ էդքան ջուր գնելու: Իբր նպաստ են տալիս, էդ էլ սաղ տալիս եմ ջուր եմ առնում: Երեխեքիս հացից կտրում եմ»,- ջրամատակարարումից բողոքեց Արփինեն:

 

Գյուղացիների հաղորդմամբ ո՛չ մարզպետարանին, ո՛չ գյուղապետարանին և ոչ էլ ջրային տնտեսությանը, որտեղից սպասարկվում է գյուղի ջրամատակարարումը, խնդիրը չի հետաքրքրում ու ոչինչ չեն անում այս հարցը լուծելու համար: Ոսկետափի գյուղապետ Սարգիս Աբրահամյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում պնդեց հակառակը. «Ես ևս շատ մտահոգված եմ խնդրով: Դիմումներ եմ ուղարկել խնդրով զբաղվող համապատասխան մարմիններին, ասում են, որ վերանորոգման աշխատանքներ են տարվում, ջրագծեր են փոխվում»:

 

Նա ևս նշեց, որ ամեն տարի ամռանը գյուղն այս խնդիրն ունենում է, բայց, ցավոք, ինքը ոչինչ անել չի կարող, քանի որ խնդրի լուծումն իրենց կախված չէ. «Ինչ ինձանից կախված էր, ես արդեն արել եմ. ինձանից հասնում էր դիմել համապատասխան մարմիններին, ես դիմել եմ»:

 

Գյուղապետը հավաստիացրեց, որ ինքը ևս արդեն 15 օր է ջուր չունի. «Եկեք գնանք մեր տուն տեսեք ես ջուր ունե՞մ: Հա, դե ես հլը կարամ առնեմ կամ մի տեղից ճարեմ: Իմ վիճակը վատ չի»:

 

Սարգիս Աբրահամյանը հայտնեց նաև, որ վերջին շրջանում անգամ հարկ չի կարողանում հավաքել. «Բնակիչներն այնքան բարկացած են, որ հենց մտնում եմ գյուղ, հարձակվում են վրաս: Բայց ախր դա իմ լուծելու խնդիրը չի»:

 

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Կենտրոն-Արևմտյան» մասնաճյուղի տնօրեն Ֆելիքս Մելիքյանը Իրավաբան.net-ին տեղեկացրեց, որ գյուղի ջրամատակարարման խնդիրն արդեն լուծված է, և բնակիչները գրաֆիկով ջուր են ստանում. «Մոնթե Մելքոնյան փողոցում դեռևս կա չորս 5 տուն, որոնք ջուր դեռևս չունեն, բայց ամենաուշը վաղը կամ մյուս օրը կունենան»:

 

Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Ոսկետափ գյուղի Մոնթե Մելքոնյան փողոցի բնակիչներից: Տիկին Թամարան մեզ հետ զրույցում նշեց, որ երկու օր՝ հուլիսի 11-12-ին ինքը ջուր ունեցել է. «Դրանից հետո, քանի որ փոսն արդեն լցված էր չեմ էլ բացել, որ տեսնեմ եկել ա, թե ոչ: Բայց մեր առաջին տունը հարևանս ասեց, որ վերջին անգամ երկու օր առաջ են ջուր ունեցել, դրանից հետո չի եկել»:

 

Ֆելիքս Մելիքյանի խոսքերով՝ ջրամատակարարման հետ կապված խնդիրը ամեն տարվա հատկապես ամռանը եղել է, պարզապես այս տարի ավելի գլոբալ է: Մելիքյանը միաժամանակ հույս հայտնեց, որ շինարարական աշխատանքերի ավարտից հետո խնդիրը կլուծվի և հաջորդ տարի բնակիչները բողոքելու առիթ չեն ունենա:

 

Արև Ավագյան

 

Իրավաբան․net

 

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել