Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են գարեջուրը, խաղողի և այլ գինիները, սպիրտը (բացառությամբ կոնյակի սպիրտի) և սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինը, հում նավթը և նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի), քսայուղերը, ինչպես նաև օրենքով սահմանված թեթև մարդատար ավտոմեքենաները):
Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարում են վերոհիշյալ ապրանքները ներմուծող կամ արտադրող (ներառյալ` շշալցնող կամ այլ կերպ տարայավորող) իրավաբանական (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունները և մասնաճյուղերը) և ֆիզիկական անձինք:
Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից (այդ թվում` շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) հանրապետության տարածքում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են այդ անձինք (պատվիրատուները):
Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում չստացած անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից (այդ թվում` շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) հանրապետության տարածքում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են դրանք արտադրող (պատրաստող, շշալցնող) անձինք:
Որպես գրավի առարկա գրավառուին հանձնված ապրանքների տնօրինման իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում ակցիզային հարկի վճարման պարտավորությունը կրում է գրավատուն, եթե վերջինս սույն օրենքի համաձայն համարվում է հարկ վճարող:
Առանց իրավաբանական անձ ձևավորելու համատեղ գործունեություն իրականացվելու դեպքերում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարման մասով ակցիզային հարկ վճարող է համարվում հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություն ստանձնած անձը:
Օրենքով սահմանված դեպքերում և կարգով ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կարող է դրվել այլ անձանց վրա կամ սահմանվել համապարտ պարտավորություն՝ հարկային պարտավորությունների կատարման մասով: