Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ինչու պետք է ստեղծվի Վստահության կառավարություն, այլ ոչ թե Ժամանակավոր կառավարություն և ինչու պետք ստեղծվի հիմա, այլ ոչ թե հայտնի անձի հրաժարականից հետո։
Պետք է ստեղծվի հիմա, որովհետև այդ անձը հրաժարական չի տալու և այդ կառավարության ստեղծման հիմնական իմաստը նրա հրաժարականին հասնելն է։
1. Երբ կլինի հրաժարական – այն ժամանակ, երբ կառավարման կենտրոնը կտեղափոխվի հրապարակ։
Երկու օրինակ.
– 1988-ին ստեղծված շարժումը դե ֆակտո իշխանությունը վերցրել էր մինչև դե յուրե գործող կառավարության հրաժարականը։ Ժողովուրդ, անգամ պետական մարմինները, հետևում էին հրապարակի իշխանության ցուցումներին, իսկ ոստիկանությունը բանակցություններ էր վարում նրանց հետ։
– 2018-ին նույն պրոցեսն էր ընթանում, ժողովուրդն, ու արդեն ոստիկանությունը, կատարում էին փողոցի «կառավարության» հրահանգները, այսինքն դե ֆակտո իշխանությունն արդեն փոխվել էր։
Եզրակացություն, իշխանափոխությունը սկսվում է այն ժամանակ, երբ փողոցում բաց ու թափանցիկ կերպով ձևավորվում է հրահանգներ տվող մարմին, որին սկսում են ենթարկվել, այսինքն ժողովրդի կողմից ճանաչվում է լեգիտիմ, իսկ ոստիկանությունը սկսում է բանակցել, այսինքն ճանաչում է կառավարման նոր կենտրոնը։
2. Ինչու Վստահության կառավարություն, որովհետև այդ մարմնին, փողոցի կառավարությանը, ժողովուրդը պետք է վստահի ու կատարի հրահանգները։ Այս պահին նման վստահություն կարող են ունենալ ոչ կուսակցականները։ Կուսակցությունները խաղի մեջ կմտնեն, երբ կլինի արտահերթ ընտրություն, իսկ շարժումները հասնում են նպատակին, երբ վերկուսակցական են լինում»։