Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքը շարունակվում է։ Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ցանկանում է երկու հիմնական հարցի պատասխանել։
«Ասում են՝ եթե իշխանափոխություն լինի՝ Ալիևը կջղայնանա և պատերազմ կսկսվի։ Ժողովուրդ ջան, ձեզ խաբում են։ Պատերազմ կլինի, եթե Նիկոլը մնա իշխանության, որովհետև ինքը Ալիևին խոստումներ է տվել, ինքը ծնկի է եկել։ Կամ ինքը պետք է իր խոստումները իրականացնի կամ տանելու է նոր պատերազմի, որպեսզի պատերազմով հանձնի։ Հետևաբար ձեզ խաբում են, եթե պատերազմ լինի Նիկոլով էլինելու։
Նիկոլին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն, այդ կառավարությունը լինելու է ժամանակավոր, դա չի լինելու դաշնակցական, քոչարյանական, հանրապետական, որևէ մեկի կառավարությունը, դա լինելու է, դա լինելու է հայ ժողովրդի կարող ուժերից կազմված կառավարություն, որի մեջ ընդգրկվելու են մեր ժողովրդի լավագույն զավակները, ովքեր կստանձնեն պատասխանատվություն և ժողովրդին դուրս կհանեն այս իրավիճակից։
Այս ժողովուրդն ունի այս զավակները, ունի այդ մարդիկ։ Վաղն առավոտվանից շարունակվում են մեր բողոքի ակցիաները։ Կոչ եմ անում 12։00-ից մինչև 14։00-ն փակել փողոցներ։ Վաղը Նիկոլ Փաշինյանը լինելու է Ազգային ժողովում, 15։30-ին պետք է լինենք այստեղ, որ ցույց տանք իր հրաժարականի հանրային պահանջը։ Վաղը ձեր ներկայությունը շատ կարևոր է»,-ասաց նա։