Որոշ փաստաբաններ խոչընդոտել են ՄԻՊ-ի աշխատանքներին

Վերջին օրերին կատարված արագ արձագանքման այցերի շրջանակում պաշտպանի ներկայացուցիչների կողմից արձանագրվել են նաև որոշ փաստաբանների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Մասնավորապես՝ որոշ փաստաբաններ բերման ենթարկված անձանց ուղղորդել են առանձնազրույցներ չունենալ ՄԻՊ աշխատակիցների հետ և որևէ տեղեկություն նրանց չհայտնել։

Այս առնչությամբ հարկ է հատուկ ընդգծել, որ փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր գործընկերներ են և նրանց մասնագիտական աշխատանքն առանձնահատուկ կարևորություն ունի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունավետության տեսանկյունից:

Շատ կարևոր է Պաշտպանի հաստատության և փաստաբանների միջև վստահությունը և համագործակցությունը։ Դա նախևառաջ բխում է ազատությունից զրկված անձանց շահերից։

Հետևաբար, կոչ եմ անում զերծ մնալ վնասաբեր գործողություններից, որոնք կարող են ոտնահարել Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքը և բացասաբար անդրադառնալ փաստաբանի մասնագիտական հեղինակության վրա։

Միևնույն ժամանակ, հավասարապես կարևոր է շեշտել, որ վերջին օրերի արագ արձագանքման այցերի ընթացքում բազմաթիվ փաստաբաններ դրսևորել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ գործընկերային ու համագործակցային մոտեցում, ինչը նպաստել է Պաշտպանի հաստատությունում ոստիկանության խնդրահարույց գործելակերպերի և անձանց իրավունքների խախտումների վերաբերյալ ավելի համապարփակ պատկեր ստանալուն և խախտումներն արձանագրելուն։

Պաշտպանի հաստատության և փաստաբանների պալատի միջև ավանդաբար ձևավորված է բարձր մակարդակի արդյունավետ համագործակցություն, որը ծառայում է մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել