ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Գնալով սրվում են հայաստանյան ներքաղաքական զարգացումները:
Ընդդիմությունն ազդարարել է վճռական գործողությունների անցնելու փուլի մեկնարկի մասին: Գործող իշխանությունների վարած քաղաքականությունից դժգոհ ժողովուրդը դուրս է եկել փողոցներ, ամենուր անհնազանդության ակցիաներ են:
Հետաքրքիր է, որ այս ֆոնի վրա ակտիվացել է Թուրքիայի հետ իշխանությունների երկխոսությունը, տպավորություն է, որ կարծես շտապում են ժամ առաջ կյանքի կոչել իրենց ստանձնած պարտավորությունները: Դա են վկայում մայիսի 2-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի վաշինգտոնյան հանդիպումը պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Բրյուսելում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, ովքեր ինտենսիվորեն նախապատրաստում են Փաշինյան-Ալիև հանդիպումը:
Սրանցից զատ առջևում է և ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և թուրք դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:
Այս ամենը վկայում է, որ կողմերն անշեղորեն առաջ են շարժվում իրենց նպատակներում, հետևաբար ընդդիմությունը պետք է գործի առավել զգույշ, մտածված, բայցև` հաստատակամ:
Ընդդիմության կողմից ձևավորված օրակարգի շուրջ ժողովրդի կոնսոլիդացիան բեկում է մտցնելու ստեղծված իրավիճակում, ուստի այսօր երեկոյան ժամը 19-ին մենք մասնակցելու ենք քայլերթին»: