Iravaban.net-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգվել է մինչև դրա վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ զոհված զինծառայողների ծնողները Գլխավոր դատախազությունից պահանջում էին քրեական գործով իրենց որպես տուժողների իրավահաջորդ ճանաչել, ինչը բավարարվել է։ Մյուս պահանջը, որը ներկայացվել էր ծնողների կողմից, վերաբերում էր Նիկոլ Փաշինյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելուն։ Նշված միջնորդությունը դատախազությունն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում քննարկելու։
Հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել է վերը նշված նույն գործով վարույթն իրականացնող քննիչին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ և 199-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկելու նպատակով: