Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը՝ այս օրերին կատարած աշխատանքի համար։
«Ոստիկանության գործողությունները գնահատում եմ համաչափ։ Թույլ չեն տալիս, որպեսզի տեղի ունեցող տարբեր փոքր միջոցառումները խանգարեն մնացած քաղաքացիներ իրավունքներին։ Միևնույն ժամանակ, ովքեր իրենց իրավունքն են իրացնում ցույցեր, երթեր կազմակերպելու հետ կապված, իրենց նույնպես հարգանքով եմ վերաբերվում»,-նշում է Սիմոնյանը։
ԱԺ նախագահի խոսքով՝ ներքաղաքական ճգնաժամ ինքը չի տեսնում, լարում չկա, իսկ քաղաքական խոսք ասելու տեղը խորհրդարանի դահլիճն է։
«Ընդդիմության առաջին հանրահավաքի հենց առաջին ժամերին մեր սահմանին գրանցվել է ադրբեջանական կողմից մեծ տրամաչափով զենքի կիրառմամբ կրակոցներ։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Գրեթե միշտ մեր ընդդիմության գործողությունները համընկնում են երկրի ղեկավարի կարևոր այցերի կամ սահմանին տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Ես չեմ համարում, որ դա զուգադիպություն է։ Ինչ-որ ձևերով այդ ամենը համակարգվում է»,-նշում է Սիմոնյանը։
Խոսելով 2018-ի հեղափոխության և այս օրերին մայրաքաղաքում ընթացող ցույցերի մասին՝ ԱԺ նախագահը նշեց, որ «բացի մորուք պահելուց ամեն ինչ կրկնում են»։ Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմությունը կոնկրետ որևէ առաջարկ չի ներկայացնում․ «Սա իրենց համար, մի գուցե, վերջին շանսն է։ Այս փորձից հետո, կարծում եմ, շատերը չպետք է վերադառնան այս դահլիճ, որովհետև իրենց քաղաքական ասելիքը սպառված է»։