Երևանի կենտրոնում այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրականացված բողոքի գործողությունների ժամանակ ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հեռախոսն արձանագրել է, թե ինչպես է մի տղամարդ գլխով հարվածում մյուսի ճակատին, ապա բռնում օձիքից։
Մի քանի քաղաքացիներ, այդ թվում նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը, մոտեցան և առանց բռնության՝ փոքր ինչ այն կողմ հեռացրին ագրեսիվ վարք դրսևորած տղամարդուն․ ենթադրաբար, նա վարորդ էր, որի ճանապարհը փակվել էր ցուցարարների գործողությունների հետևանքով, սակայն հատկանշական է, որ նման վարքի համար ոստիկանները նրան բերման չենթարկեցին։
Ավելին՝ հաջորդ դրվագում նա իջավ մեքենայից ու ձեռքով ինչ-որ շարժումներ էր անում ոստիկանների ուղղությամբ։ Ավելի ուշ դիմակավորված ոստիկանները քաշքշելով, գետնին տապալելով եւ բերանքսիվայր տարան առնվազն երեք ցուցարարի։ Նշյալ տղամարդը կրկին միջադեպի կիզակետում էր։ Ոստիկանները մոտենում էին նրան, ենթադրաբար, հորդորելով հեռու մնալ։