Երեկ Կապանում՝ Ներքին Հանդում, ադրբեջանցիները հերթական հենակետն են տեղադրել․ այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցող ակցիայի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Երեկ հայ զինվորը մեր երկրի սուվերեն տարածքում գերեվարվել է: Նիկո՛լ, սա՞ է քո խաղաղությունը: Երբ մեր տղերքը Բաքվի բանտերում դեռ դատապարվում են որպես ահաբեկիչ: Երբ մեր երկրի տարածքները գնալով փոքրանում են, սա՞ է քո խաղաղությունը: Մեզանից շատ որևէ մեկը խաղաղություն չի ուզում: Ես որդի ունեմ, որ պետք է գնա բանակ: Ես խաղաղություն եմ ուզում, բայց քո բերածը պատերազմ է»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 25-ին, «Դիմադրություն» շարժումը իրազեկման ակցիա էր իրականացնում Երևանի փողոցներում: Երթի մասնակիցները հավաքվեցին Ազատության հրապարակում, որտեղ այժմ տեղի է ունենում հանրահավաք: