Նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի և պաշտպանության նախարարի Կիև այցի մասին։
«ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակության այցը Կիև ուկրաինական պետության համար այս վճռորոշ պահին շատ արժեքավոր և կարևոր է»,-ասել է նա:
Պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ քննարկվել է պաշտպանական օգնությունը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ավելացումը, Ուկրաինային ֆինանսական աջակցությունը և անվտանգության երաշխիքները:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին այն բանի համար, որ նրանց պաշտպանական աջակցությունն արդեն հասել է 3,4 միլիարդ դոլարի և առանձին անդրադարձել է պատժամիջոցների քաղաքականությանը։
Նախագահն ամերիկյան կողմին է փոխանցել «Երմակ-Մաքֆոլ» խմբի կողմից մշակված Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների խստացման գործողությունների ծրագիրը։
————–
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։