Դպրոցների էլեկտրոնային դասամատյանների հետ կապված փոփոխություններ են կատարվել, որոնք ուժի մեջ են մտել

Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը սահմանելու, դրանց լրացման (գործածման) կարգը հաստատելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանում փոփոխություններ են կատարվել, որոնք ստորագրված ուժի մեջ են մտել ապրիլի 21-ին։

Iravaban.net-ը ձեզ է ներկայացնում Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը, որի առաջին կետում փոփոխություն է կատարվել։

Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկ

  1. Էլեկտրոնային դասամատյաններ, ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում` այլ էլեկտրոնային կամ թղթային մատյաններ` հիմնադրի որոշմամբ,
  2. Աշխատողի անձնական էլեկտրոնային գործ,
  3. Սովորողի անձնական էլեկտրոնային գործ,
  4. Միջնակարգ կրթության ատեստատների բաշխման մատյան,
  5. Հիմնական կրթության վկայականների բաշխման մատյան,
  6. Ավարտական, պետական ավարտական, փոխադրական, էքստեռն քննությունների և գիտելիքների ստուգման արձանագրություններ,
  7. Էլեկտրոնային հաստիքացուցակ,
  8. Տարիֆիկացիոն մատյան, ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում` հիմնադրի որոշմամբ,
  9. Ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրություն,
  10. Ուսուցիչների բաց թողած և փոխարինված դասաժամերի հաշվառման մատյան,
  11. Ուսումնական առարկաների թեմատիկ պլաններ` էլեկտրոնային տարբերակով,
  12. Դասալսումների արդյունքների արձանագրություն,
  13. Ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլան, տնօրենի տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների, դասղեկների աշխատանքային պլաններ` էլեկտրոնային տարբերակով,
  14. Սովորողների շարժի մատյան։

Հրամանի 2-րդ հավելվածում, որով սահմանված են հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի լրացման (գործածության) հետ կապված իրավահարաբերությունները ևս փոփոխություններ են կատարվել։ Փոփոխությունները եղել մասնավորապես 1-ին գլխում, որը վերաբերում է էլեկտրոնային մատյաններին։ Փոփոխություններից բացի ավելացել են նաև 9-րդ, 10-րդ կետերը։ Այսպիսով․

1. Էլեկտրոնային դասամատյաններ

2. Էլեկտրոնային դասամատյանը ձևավորվում է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում դպրոցի դասարանների կազմավորման և դասաբաշխման, թեմատիկ պլանների և դասացուցակի հիման վրա` ինքնաշխատ եղանակով:

3. Էլեկտրոնային դասամատյանում ցուցադրվում է

  • 1) դասարանը,
  • 2) դասարանում սովորող աշակերտների ցանկը,
  • 3) դասավանդող ուսուցչի անունը և ազգանունը,
  • 4) դասավանդվող առարկան,
  • 5) դասացուցակը
  • 6) դասի տարին, ամիսն ու ամսաթիվը
  • 7) օրվա դասի թեման
  • 8) տնային առաջադրանքը
  • 9) աշակերտների հաճախումների արձանագրումը
  • 10) աշակերտների ընթացիկ, թեմատիկ, կիսամյակային գրավոր աշխատանք, կիսամյակային, տարեկան և քննական գնահատականները

4. Էլեկտրոնային դասամատյանը ցուցադրվում է ամսական բաժանումներով:

5. Էլեկտրոնային դասամատյանի լրացումը (գործածումը) իրականացնում են առարկաները դասավանդող ուսուցիչները:

6. Էլեկտրոնային դասամատյանում ուսուցիչը կատարում է տվյալ օրվա` սույն կարգի հավելված 2-ի 1-ին գլխի 3-րդ կետի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված գրանցումները` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո դասամատյանում հաճախումների և գնահատականների գրանցումը կամ փոփոխությունը համակարգի կողմից արգելվում է, բացառությամբ գրանցումների տեխնիկական և (կամ) բովանդակային անճշտությունները փոփոխելու կամ լրացնելու վերաբերյալ դասավանդող ուսուցչի կողմից դպրոցի տնօրենին ուղղված զեկուցագրի առկայության դեպքի: Էլեկտրոնային դասամատյանում գրանցումների տեխնիկական և (կամ) բովանդակային անճշտությունները կարող են փոփոխվել կամ լրացվել ոչ ուշ, քան դասավանդող ուսուցչի կողմից դպրոցի տնօրենին ուղղված զեկուցագրի ներկայացման օրվան հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը: Թեմատիկ (ըստ անհրաժեշտության` ամփոփիչ) գրավոր աշխատանքների արդյունքների գնահատման և բացակայությունների գրանցումը էլեկտրոնային դասամատյանում իրականացվում է գրավոր աշխատանքը հանձնարարելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո գնահատականների և բացակայությունների գրանցումը կամ փոփոխությունը համակարգի կողմից արգելվում է: Գործնական և թեմատիկ աշխատանքից բացակայած սովորողն այն կարող է հանձնել մինչև տվյալ կիսամյակի ամփոփումը: Այդ աշխատանքներից սովորողի բացակա լինելը նշելու համար գրվում է «բ» տառը: Հանձնած աշխատանքի թվանշանը նշանակվում է հանձնման օրվա սյունակում:

7. Էլեկտրոնային դասամատյանի վարման վերահսկողությունը իրականացնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Կրթության տեսչական մարմինը, լիազոր մարմինը, դպրոցի տնօրենը, որը նաև կարող է կատարել սույն կարգի հավելված 2-ի 1-ին գլխի 6-րդ կետում նշված գրանցումների փոփոխություն և լրացում և տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալը` դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում` իրենց վերապահված գործառնությունների շրջանակում:

8. Ավարտական դասամատյանների պահպանման ժամկետը սահմանվում է 50 տարի, իսկ ոչ ավարտական դասամատյաններինը` 5 տարի:

9. Ոչ պետական ուսումնական հաստատությունները կարող են վարել այլ էլեկտրոնային կամ թղթային մատյաններ` իրենց հայեցողությամբ` պահպանելով սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետները:

10. Ուսումնական պլանով նախատեսված առաջին և երկրորդ կիսամյակներն ավարտվելու օրվան հաջորդող 10-րդ օրը համակարգը ինքնաշխատ եղանակով հաշվարկում և ամփոփում է աշակերտների կիսամյակային և տարեկան գնահատականները, եթե մինչ այդ ուսուցչի կողմից տվյալ գործողությունը չի իրականացվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել