Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին և հրավիրել Երևան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակի և Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ուղերձում նշված է.

«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,

Ընդունեք խնդրեմ իմ ամենաջերմ շնորհավորանքները՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Ձեր համոզիչ հաղթանակի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Ֆրանսիացի ժողովրդի վստահության քվեն նախագահի պաշտոնում նախորդ տարիների Ձեր կատարած ծավալուն աշխատանքի ամենաբարձր գնահատականն է, ինչը վերահաստատում է Ձեր ընտրած քաղաքական ուղեգծի հաջողությունը։

Գալիք հնգամյակի ընթացքում մաղթում եմ Ձեզ ուժ և տոկունություն՝ Ֆրանսիայի Հանրապետության բարձր պաշտոնում Ձեր իմաստուն քաղաքականության շարունակության և ֆրանսիացի ժողովրդին դեպի նոր ձեռքբերումներ առաջնորդելու համար։ Հավատացած եղեք՝ Հայաստանը Ձեր և բարեկամ Ֆրանսիայի կողքին կլինի համատեղ բոլոր մարտահրավերների հաղթահարման գործում։

Համոզված եմ՝ Ձեր վերընտրությունը գալիք հնգամյակի ընթացքում նոր լիցք կհաղորդի Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերություններին և հնարավորություն կտա հաջողությամբ շարունակել միասին համաձայնեցված մեր համատեղ ծրագրերը, այդ թվում՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ուղղված ջանքերը։

Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում Ֆրանսիայի դերակատարումը մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հարցում և հույս հայտնում, որ այն շարունակական կլինի նաև Ձեր նախագահության երկրորդ հնգամյակի ընթացքում։

Մոտ ապագայում Ձեզ Երևանում հյուրընկալելու սպասումով՝ կրկին շնորհավորում եմ վստահ հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն։

Խնդրում եմ ընդունել, պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել