Հայոց ցեղասպանության-թանգարան ինստիտուտը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման առաջին փաստաթղթի մասին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջին փաստաթղթին։

1915 թ. մայիսի 24-ին Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ընդունեցին համատեղ հռչակագիր՝ Օսմանյան կայսրության հայ բնակչության կոտորածների և բռնի տեղահանության վերաբերյալ։ Երեք դաշնակիցները հայտարարեցին, որ թուրքական կառավարությունը պատասխանատու է հայերի դեմ այս հանցագործության համար։ Դաշնակից երկրների հռչակագրում հայկական ջարդերի մասին ասվում էր.

«Վերջին ամսվա ողջ ընթացքում Հայաստանում կատարվում է հայերի ջարդ քրդերի և թուրքերի կողմից օսմանյան իշխանությունների բացահայտ թողտվությամբ, իսկ երբեմն էլ՝ ուղղակի օժանդակությամբ։ Նոր տոմարով ապրիլի կեսերին հայերի ջարդ է տեղի ունեցել Էրզրումում, Դերջանում, Էգինում, Բիթլիսում, Մուշում, Սասունում, Զեյթունում և ամբողջ Կիլիկիայում, գլխովին կոտորվել են Վանի շրջակայքի հարյուր գյուղերի բնակիչները, բուն Վանում հայկական թաղամասը պաշարվել է քրդերի կողմից։

Միևնույն ժամանակ Կ․Պոլսի թուրքական կառավարությունը բանտարկման և չտեսնված ճնշումների է ենթարկում խաղաղ հայ բնակչությանը։ Ելնելով Թուրքիայի կողմից մարդկության և քաղաքակրթության դեմ կատարված նոր հանցագործություններից, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Անգլիայի դաշնային կառավարությունները սրանով հրապարակայնորեն հայտարարում են Թուրքիայի կառավարությանը, որ իրենք այս հանցագործությունների անձնական պատասխանատվությունը դնում են թուրքական կառավարության բոլոր անդամների, ինչպես նաև նրա տեղական ներկայացուցիչների վրա, որոնք հանցակից են նման կոտորածին»:

https://www.shantnews.am/wp-content/uploads/2022/04/%D6%83%D5%A1%D5%BD%D5%BF-1.jpg
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել