ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, համազգային ջահերով երթի բազմահազար մասնակիցների շարքում, թոռնիկի հետ Հանրապետության հրապարակից քայլերթով բարձրացել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Այս մաիսն հայտնում են նախագահի գրասենյակից։
Հիշեցնենք, որ երթից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց․
«Իհարկե, կցանկանայի, որպեսզի այսօր էլ մեր ժողովուրդը ցնծար հրապարակում, որպեսզի այդ ժամանակահատվածում ցնծար նրա համար, որ կառուցել է ավելի լավ երկիր, ավելի բերեկեցիկ Հայաստան, ավելի հզոր բանակ, ավելի ապահով Արցախ, բայց ցավոք սրտի, 2018թ. ցնծացող ժողովուրդը հիմա ողբում է. ողբում է կրկնապատկված, եռապատկված Եռաբլուրում, ողբում է Արցախի մի մասը կորցնելու համար, ողբում է մեր անպաշտպան սահմանների համար, կազմաքանդված բանակի համար, և այս առումով իհարկե ես ավելի շատ ցավ հիմա եմ ապրում, քան ապրել եմ 2018թ. այս օրը։
Իրոք չեմ փոշմանել, որ մեր խաբված ժողովրդի դեմ ուժ չեմ կիրառել: Ուղղակի կցանկանայի, որպեսզի այսօր էլ 2018թ. պահանջատեր ժողովուրդը նույն պահանաջատիրությամբ այսօր հանդես գար: Այդ ժողովրդին խոստացել էին կարճ ժամանակում Հայաստանը դրախտ դարձնել, բա, նույն պահանջատիրությամբ պետք է հանդես գար: Ցավոք սրտի, այն ժամանակվա ոգևորությունը այսօր վերածվել է հիասթափության, բայց մեր թիմը, մեր համակիրները, ողջախոհ մարդիկ պահանջատեր լինելուց առաջ՝ հայրենասերներ են և ցանկացած պարագայում մենք կանգնելու ենք մեր ժողովրդի, մեր պետականության կողքին»։