Հո էս երկրի քաղաքացիները ապո՞ւշ չեն, որ հավատան «մուրացիկներ էին, օգնականս փող էր բաժանում» հեքիաթին․ Վահագն Ալեքսանյան

Վանեցյանի մեկնաբանությունները այս վիդեոյի մասով, կարծում եմ՝ ոչ միայն անթույլատրելի են, այլև ստորացուցիչ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Անկեղծ լինենք, չկա Հայաստանում գեթ մի մարդ, որ չհասկանա, թե ինչ է կատարվում այս հոլովակում, թե ինչու է Վանեցյանի օգնականը փող բաժանում ընդդիմադիր հավաքի(ենթադրաբար ոչ այս օրերի) շրջակայքում գտնվող կանանց, ինչու են կանայք ճանաչում ու անունով դիմում Վանեցյանի օգնականին, ինչու են նրանից տաքսու գումար պահանջում։

Լավ հո էս երկրի քաղաքացիները ապո՞ւշ չեն, որ հավատան «մուրացիկներ էին, օգնականս փող էր բաժանում» հեքիաթին։ Հիմա լավ կամ վատ, այս կամ այն մոտիվացիայով կողքդ կանգնած մարդիկ են, երևի ելույթներիդ ժամանակ ծափ էլ տված կլինեն, ինչու՞ ես ուրանում էս մարդկանց, ինչու՞ ես մուրացիկ անվանում, հիմա քո ունեցած-չունեցած աջակիցներն էլ իրենք են։

Նաև խնդրում եմ բոլորիդ, հարգելի օգտատերեր, չթիրախավորել այս կանանց, վստահ եմ՝ նրանք բացարձակապես ճարահատյալ վիճակում են համաձայնել գումարի դիմաց կանգնել ու լսել Վանեցյանին, Սաղաթելյանին ու մյուսներին։ Ավելին՝ կարծում եմ այս տեսակի իրավահարաբերությունները պիտի կարգավորվեն օրենքով, ու այսօրինակ հավաքներին գումարի դիմաց մասնակցող քաղաքացիները պիտի ԽՍՀՄ ժամանակների քիմ․ գործարանների աշխատողների պես կաթ, մածուն ու բոնուսներ ստանան»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել են կադրեր, որտեղ Արթուր Վանեցյանի օգնականը գումար է տալիս հավաքված մի քանի քաղաքացիների։ Լրագրողների հետ զրույցում Վանեցյանը նշել է, որ տեսել է տեսանյութը։

«Հենց նոր ինչ-որ տեսանյութ են ցույց տվել։ Ձմեռվա տեսանյութա, հագուստն էլ ա ձմեռվա։ Սիրահարների այգու շրջակայքում փող մուրացող մարդիկ էին եկել, գումար են խնդրել, օգնականս էլ տվել է։ Հերթական հիմարությունն է։

Թող նայեն՝ որտեղա, ինչ եղանակային պայմաններ է»,-նշել է նա։

Այնուհետև «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը հայտարարեց․ «Արամ Գրիգորյանի մասով տարածվող տեսանյութը հին է և Ազատության հրապարակում չի արված (Դեմիրճյան փողոց, Սիրահարների այգի):

Դա էլ մի կողմ. Արամին սովորության համաձայն մոտենում են մուրացկանները օգնություն խնդրելու (երևանաբնակները այդ մարդկանց դեմքով ճանաչում են):

Այս «կարևոր» հարցով մեկնաբանություն այլևս չեմ տալու, իսկ նիկոլական ԶԼՄ-ներին հստակ զգուշացնում եմ՝ այս գրառումից հետո, եթե չհեռացնեք ձեր բանսարկու նյութերը Ազատության հրապարակ փողով մարդ բերելու վերաբերյալ, կխոսենք ձեզ հետ դատական կարգով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել