Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը նախազգուշացնում է, որ վիզայի առկայությունն ինքնըստինքյան չի ենթադրում երկիր մուտք գործելու թույլտվություն: Եվրամիություն մուտք գործելու որոշումը կայացնում են սահմանային ծառայողները/ ավիաընկերությունները՝ հիմք ընդունելով գործող դրույթներն ու առողջապահական ընթացիկ կարգադրությունները:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից։
Դեսպանությունը մուտք գործելու իրավունքի վրա որևէ ազդեցություն չունի: Դուք պետք է Ձեզ հետ ունենաք համապատասխան տեղեկանքներ, անհրաժեշտության դեպքում նաև՝ թարգմանված, և ճամփորդությունից կարճ ժամանակ առաջ տեղեկանաք ընթացիկ կարգադրություններին: Դրանք կարող են ըստ իրավիճակի շատ արագ փոփոխվել:
«Գերմանիայի արտաքին գործերի նախարարության այս կայքում (գերմաներեն կամ անգլերեն) կարող եք ստուգել, թե Ձեր այցելության նպատակի դեպքում նախատեսվում է մուտքի իրավունք։
Եթե օդանավակայանում տարանցիկ կամ սահմանային ստուգման ժամանակ պարզվի, որ Ձեր այցելության նպատակի դեպքում մուտքի իրավունք նախատեսված չէ, ապա հնարավոր է Ձեր ուղևորության չեղարկում (առանց փոխհատուցման) և վերադարձ` սեփական միջոցների հաշվին։
Վիզայի դիմում ներկայացնելու համար կարելի է սովորականի պես հերթագրվել՝ հարցազրույցի օր և ժամ ամրագրելով առցանց համակարգի միջոցով: Խնդրում ենք հերթագրվելուց առաջ լիարժեք ստուգել՝ արդյոք Ձեր ճամփորդության նպատակը դասվում է արտոնված դասակարգումների շարքին: Այստեղ կարող եք ստուգել, թե Ձեր ճամփորդության նպատակը արտոնված դասակարգումների շարքում է։
Ընտանիքի վերամիավորման համար (ազգային վիզա) անհրաժեշտ A1 լեզվի վկայականը հնարավոր է ներկայացնել դիմումի մշակման ընթացքում, սակայն դիմումը վերջնականապես դիտարկվում է միայն A1 վկայականը ներկայացնելուց հետո: Գյոթե կենտրոնն արդեն մի քանի ամիս է՝ կազմակերպում է քննություններ և առաջարկում լեզվի առցանց դասեր:
A1 սերտիֆիկատները, որպես կանոն, ունեն մեկ տարվա վավերականություն: Եթե համավարակի պատճառով չեք հասցրել դիմել վիզայի համար, կամ տրամադրված վիզան չեք կարողացել օգտագործել, ամենավաղ մոդուլի տրման ամսաթվից 18 ամիսը չգերազանցած A1 սերտիֆիկատները կընդունվեն, եթե գերմաներենի բավարար իմացությունը վիզայի համար դիմելու պահին դեռ պահպանված լինի:
Բոլոր դիմումները պետք է ներկայացնել լիարժեք փաթեթով՝ ըստ դեսպանության կայքում հրապարակված հուշաթերթիկների: Ոչ լիարժեք դիմումներին ընթացք է տրվում միայն բացակայող փաստաթղթերը ներկայացնելուց հետո, ինչի պատճառով հնարավոր է, որ դիմումատուն ստիպված լինի վերամրագրել թռիչքը կամ բաց թողնել նախատեսված հանդիպումները:
Կրկին սիրով հիշեցնում ենք, որ առցանց հերթագրման համար հարկ չկա դիմել ճամփորդական գործակալություններին: Առցանց հերթագրումն անվճար է: Դեսպանությունը չի համագործակցում ճամփորդական կազմակերպությունների կամ այլ անձանց հետ»,-ասված է հաղորդագրության մեջ: